Հարկերի աճը պայմանավորված է ստվերից բերված փողերով, ասել է նախարարը

22.03.2017 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ասել է, որ բյուջեի հարկային եկամուտների ավելացումը եղել է հարկային վարչարարության բարելավման եւ հարկահավաքման արդյունավետ իրականացման հաշվին:

Այս մասին Վարդան Արամյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ներկայացնելով Հայաստանի ընդհանուր տնտեսական եւ հարկաբյուջետային զարգացումները տարվա առաջին ամիսներին:

Նախարարի խոսքով` հունվար-փետրվար ամիսներին արձանագրված տնտեսական ակտիվությանը (6,2%) համահունչ արձանագրվել է հարկային եկամուտների աճ 9,7% չափով՝ պայմանավորված ինչպես տեղական (6,9%), այնպես էլ ներմուծման հարկերի (17,7%) դինամիկայով:

«Կանխավճարներների հաշվին հարկային եկամուտների հավաքագրում չենք ունեցել. դրանք ստվերից բերված փողերն են»,- հայտարարել է նա:

Ոլորտի պատասխանատուն նշել է, որ պետբյուջեի ծախսերի աճի (1,6%) տեմպը հունվար-փետրվար ամիսներին զիջել է եկամուտների աճի (7,2%) տեմպին, արդյունքում ձեւավորվել է 0,6% ավելցուկ:

Անդրադառնալով տնտեսական մյուս ցուցանիշներին՝ Վարդան Արամյանը նշել է, որ չնայած տրանսֆերտների անկմանը՝ բնակչության մոտ նկատվում է սպառման աճ, որն արտացոլվում է ներքին առեւտրի (9,6%) եւ ներմուծման (23,5%) ցուցանիշներում:

«Ներքին առեւտրի աճն առաջնորդող ինդիկատոր է, որը ցույց է տալիս, որ տնտեսությունը, կարծես, վերականգնվում է: Կա երկու պատճառ՝ կամ բնակչությունը ծախսել է իր խնայողությունները, կամ իրականում արձանագրվել է եկամուտների աճ՝ մասամբ նաեւ աշխատավարձերի 1,1% աճի հաշվին, որը պաշտոնական ցուցանիշ է եւ չի ներառումը ստվերը»,- ասել է Վարդան Արամյանը:

Այս համատեքստում նախարարն ընդգծել է բնակչության եւ բիզնեսի սպասումների դերը սպառման ավելացման հարցում` նշելով, որ մարդիկ ավելի շատ են ծախսում, երբ ապագայից լավ ակնկալիքներ ունեն:

«Երբ մարդկանց ընկալումն ապագայի նկատմամբ բացական է լինում, սովորաբար նրանց վարքագիծը լինում է պահպանողական, ծախսումներ չեն իրականցնում: Դա ճիշտ է ինչպես սպառողների, այնպես էլ տնտեսվարողների մոտ: Երբ նրանց մոտ ձեւավորվում է դրական սպասում, սպառողը դառնում է ավելի հակված սպառելու, իսկ ներդրողը՝ ներդնելու: Եթե հանրությանն անընդհատ ներարկվում են միայն բացասական սպասումներ, թե ամեն ինչ շատ վատ է, բնականաբար, դրան հաջորդում է նրանց ադեկվատ վարքագիծը: Հետեւաբար կարեւոր է, որպեսզի մենք հանրության հետ հաղորդակցության ժամանակ ճիշտ ազդակներ ներկայացնենք»,- ասել է նա:

Վարդան Արամյանը խոսել է նաեւ գների մասին. նախորդ տարվանից սկիզբ առած գնանկման միտումները պահանջարկի վերականգնմանը զուգընթաց թուլացել են՝ տարվա առաջին ամիսներին գրանցելով 0,2% գնանկում:
 
Նախարարի բնորոշմամբ՝ 2017թ. առաջին ամիսներին շարունակվել է արտահանման աճի (20,1%) միտումը՝ հիմնված հիմնականում արդյունաբերության ընդլայնման (16,1%) վրա: Ընդ որում, աճել են ինչպես մշակող, այնպես էլ հանքարդյունաբերության ոլորտները՝ մասամբ պայմանավորված 2016թ. նոյեմբերից նկատվող պղնձի միջազգային գների բարձրացմամբ:

Դիտում՝ 1983
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai