Վարչապետը պարգեւատրել է 2017թ. լավագույն կին գործարարներին

16.03.2017 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում կայացել է «Լավագույն կին գործարար» 6-րդ մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգեւներ են շնորհվել 6 անվանակարգում:

Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալագրեր է շնորհել Հայաստանի տնտեսական զարգացման բնագավառում ունեցած ներդրման, ինչպես նաեւ ակտիվ գործունեության համար Երեւանից եւ մարզերից հաղթող ճանաչված կին գործարարներին:

Մրցանակների արժանացած բիզնես կանայք լավագույնն են ճանաչվել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» եւ «Լավագույն կին գործարար արտահանող» անվանակարգերում:

«Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք, միշտ լինեք գեղեցիկ, ժպիտով, եռանդով, դրայվով եւ այն հանդուրժողականությունն ու մշակույթը, որ կարող եք բիզնեսում սերմանել, սերմանեք ձեր շրջապատում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր հասարակության ամենակարեւոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, բիզնեսմենը եւ այդ պատճառով կառավարության բոլոր գործառույթները, քայլերն ուղղված են նրան, որպեսզի բիզնես միջավայրը դարձնենք առավելագույնս պարզ եւ հասկանալի»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի կողմից հատուկ մրցանակներ են շնորհվել Արցախի կին գործարարներին:

«Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության հաղթողներին խրախուսական մրցանակներ են հանձնել նաեւ միջազգային կազմակերպությունները, այդ թվում`USAID-ն, GIZ-ը, UNIDO-ն, UNFPA-ը, UNHCR-ը, EBRD ASB-ն, EBRD BSO-ն, AWAY-ը, AUA-ը, CARITAS-ը:

ՓՄՁ ԶԱԿ-ը հրապարակել է մրցանակների արժանացած գործարարների ցանկը:

1. «Լավագույն կին գործատու» անվանակարգ
Արաքսյա Մարտիրոսյան` ք. Երեւան, Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիա:
Իրինա Չիբուխչյան` գ. Ենոքավան, Տավուշի մարզ, «Ապագա տուր»: Զբոսաշրջային գործունեություն: 

2. «Լավագույն կին նորարար» անվանակարգ
Մարինա Գրիգորյան` ք. Երեւան, «Փոքրիկ Էյնշտեյն» մանկականտնային լաբորատորիաներ: 
Նարինե Խոջոյան` ք. Իջեւան, Տավուշի մարզ, «Բերք» ընկերություն.  ժամանակակից տեխնոլոգիաներով` թաղանթապատ ջերմատներում եւ բաց գրունտում` հիդրոպոնիկ եղանակով ելակի, ելակի սածիլի եւ հապալսի արտադրություն:

3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ» անվանակարգ
Զարուհի Մուրադյան` ք. Երեւան, Գինու արտադրություն «Zara Wines» ապրանքանիշով:
Մարգուշ Մուրադյան` Գավառ, Գեղարքունիքի մարզ, ANGRET ապրանքանիշ, որն ավելի հայտնի է Մարգուշի գաթաներ անվամբ: Գավառի ավանդական գաթայի եւ փախլավայի արտադրություն:    
    
4. «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգ
Իրինա Սարիբեկյան` ք. Երեւան,  Հանրային սնունդ, ճապոնական խոհանոց` «Սուշի Տորիա» ապրանքանիշ:
Նելլի Պողոսյան` գ. Ամասիա, Շիրակի մարզ, լավաշի արտադրություն, որը հայրենի գյուղում առաջին է եղել:

5. «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգ
Հասմիկ Հարությունյան` ք. Երեւան, «YES! Republic» մանկական ինտելեկտուալ ակումբ:
Նելլի Ամիրխանյան` գ. Կոթի, Տավուշի մարզ, հացամթերքի արտադրություն:

6. «Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգ
Մարիա Սոբոլեւա` ք. Երեւան, Մեղրի արտադրություն։ Արտահանում է Ռուսաստան եւ Բենելյուքսի երկրներ:
Նելլի Ներսիսյան` գյուղ Մաստարա, Արագածոտնի մարզ, «Մաստարաչեդո» ընկերություն. պանրի արտադրություն: Արտահանում է Ռուսաստան:

Դիտում՝ 21762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo