ԵԱՏՄ-ում աուդիտի միասնական կանոններ կներդրվեն

15.03.2017 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ավարտել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում աուդիտորական գործունեության վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ հանրային քննարկումը:

Ինչպես հայտնում է «Կոմմերսանտ»-ը, համաձայնագրի նպատակն է միության տարածքում ձեւավորել աուդիտորական ծառայությունների միասնական շուկա: Փաստաթղթում ներկայացված են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Հայաստանի տարածքում աուդիտորական գործունեության կազմակերպման եւ կարգավորման հիմնական մոտեցումները:

«Գործնականում դա նշանակում է, որ միության մի անդամ երկրում գործելու է մյուսի աուդիտորական լիցենզիան,  որակի վերահսկողությունն իրականացվելու է միասնական կանոններով: Այդպիսով, միության որեւէ երկրում գործելու համար աուդիտորական ընկերությանը բավարար է ներառված լինել տվյալ երկրի կարգավորչի ռեգիստրում` առանց իրավաբանական անձ գրանցելու»,- հայտնում է գործակալությունը:

2016թ. հունվարի 1-ի դրությամբ` ԵԱՏՄ տարածքում ընդհանուր առմամբ գործել է  5 900 աուդիտորական կազմակերպություն: Ընդ որում, Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 34 (վերջին տվյալներով` 33 - խմբ.), Ղրղըզստանում`129, Ղազախստանում` 195, Բելառուսում` 457, իսկ Ռուսաստանում` 5 100:

2015թ. տվյալներով (ավելի թարմ տեղեկատվությունը բացակայում է)՝ ԵԱՏՄ-ում մատուցվել է շուրջ $871,1 մլն-ի աուդիտորական ծառայություն:

Միասնական աուդիտի համաձայնագրի շուրջ աշխատանքները մեկնարկել էին 2015-ին եւ ներկայում փաստացի հասել են ավարտին:

«Քննարկման արդյունքները ցույց են տալիս, որ համաձայնագրի նկատմամբ պահանջարկը բավական բարձր է: Կան նաեւ դիտողություններ, սակայն գաղափարն աջակցվում է բիզնեսի կողմից»,- ընդգծել է ԵՏՀ ֆինանսական քաղաքականության բաժնի տնօրեն Տիգրան Դավթյանը:

Դիտում՝ 1683
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai