Շրջանառության մեջ է դրվել Մանթաշյանցի 175-ամյակին նվիրված նամականիշ

03.03.2017 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Գեղագիտության ազգային կենտրոնում հանդիսավոր մարվել եւ շրջանառության մեջ է դրվել «Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը» թեմայով մեկ նամականիշ:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր  պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Խոսելով Հայաստանում գործարարության ավանդույթների եւ զարգացման մասին՝ Վահան Մարտիրոսյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ այս տարի առաջին անգամ Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ը, նշվում է որպես Գործարարի օր։

«Այդ առիթով Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդին նախարարության կողմից առաջարկություն եղավ՝ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակի առթիվ թողարկել նամականիշ»,- նշել է նախարարը։

20-րդ դարասկզբի խոշոր նավթարդյունաբերող, հայ նշանավոր գործարար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի պատկերով փոստային նամականիշը ձեւավորված է հին թղթադրամի տեսքով: Նամականիշի խորապատկերին ներկայացված են գործարարի միջոցներով կառուցված Փարիզի Ելիսեյան դաշտերում գտնվող հայկական Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եւ Թիֆլիսի հայ արտիստների միության շենքի ճակատային մասը, որն այսօր Թբիլիսիի ակադեմիական թատրոնի շենքն է։

Փոստային նամականիշն ունի 380 դրամ անվանական արժեք: Նամականիշի հեղինակն է Վահագն Մկրտչյանը: Նամականիշի չափսերն են՝ 50,0 x 40,0 մմ, տպաքանակը՝ 40 000 հատ։ Տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպարանում։

Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակին նվիրված Banks.am-ի հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 2869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai