Մեկնարկում է կենսաթոշակային բարեփոխումների երկրորդ փուլը

27.02.2017 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումներով պայմանավորված հետագա քայլերը:

ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկմանը մասնակցել են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանը ու ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը:

«Մեր գործընկերների հետ քննարկեցինք կապիտալի շուկային ուղղված մեր քայլերը: Կենսաթոշակային բարեփոխումները իրականացված փաստ է, որ մենք կատարեցինք 2014թ.: Այսօր ունենք բարեփոխումների երկրորդ փուլը իրականացնելու խնդիր. դա կապիտալի շուկայի զարգացումն է, եւ այն գումարները, որ ֆինանսական տերմինով ասում են՝ «երկար փողեր», ստեղծվել են մեր երկրում: Մենք պետք է պլատֆորմներ ստեղծենք, որպեսզի դրանք վերաուղղվեն մեր ներքին տնտեսությանը եւ մասնակցեն մեր տնտեսական զարգացման ընդհանուր օրակարգին»,- նշել է Վարդան Արամյանը:

Նախարարն ընդգծել է, որ միջազգային բոլոր կառույցները, այդ թվում՝ վարկանշող կազմակերպությունները, միշտ դրական են գնահատել ՀՀ կենսաթոշակային բարեփոխումները: Նախարարի խոսքով՝ Հայաստանը, սակայն, այսօր ունի կուտակումների ճիշտ կառավարման խնդիր:

Վարդան Արամյանի խոսքով՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայությունը Հայաստանում վստահության գրավական է: «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի ներկայացուցիչներն էլ պատրաստակամություն են հայտնել մշակել համատեղ ծրագրեր, որպեսզի կուտակվող գումարները ներդրվեն տնտեսական զարգացման մեջ:

«Մեր առաջին միտքն այն է, որ պետք է 20-30 տարի հետո թոշակները վճարենք: Սա առաջին կետն է: Մենք պետք է վստահություն ունենանք եւ իմանանք, թե ինչպես կարող է այդ դրամը օգտակար լինել Հայաստանի համար, որովհետեւ միշտ մտածում ենք, որ այդ դրամը հայ ժողովրդինն է եւ պետք է հայ ժողովրդին օգտակար լինի»,- նշել է Հովիկ Մազեջյանը:

Նախարարությունում հիշեցրել են, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ «Ամունդի» բաժնետիրական ընկերության եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի կողմից 2013թ. նոյեմբերի 19-ին: ՀՀ Կենտրոնական բանկը «Ամունդի-Ակբային» շնորհել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, որի շրջանակում ընկերությունը կարող է իրականացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեություն:

Դիտում՝ 5325
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai