ՊԵԿ-ը կհրապարակի օրինապաշտ հարկատուների ցանկը

14.02.2017 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կհրապարակի օրինապաշտ հարկատուների ցանկը:

Այս մասին վարչապետն ասել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի եւ Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչների հետ նախօրեին Երեւանում կայացած հանդիպմանը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Առաջիկայում ՊԵԿ-ը հայտարարելու է օրինապաշտ հարկատուների ցանկը, որով հանրությանն ասելու ենք, որ նրանք չեմպիոն են: Բանկերն այդ տնտեսվարողներին ավելի ցածր տոկոսներով են վարկ տրամադրելու ոչ թե այն պատճառով, որ մենք ենք միջնորդում, այլ կանխատեսելիության, վստահելիության եւ հասկանալի լինելու համար: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի սպիտակ դաշտում, օրինապահ դաշտում աշխատող բիզնեսն առավելություններ ունենա»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ կառավարությունն իր «առաջին գործառույթն է համարում բիզնեսին չխանգարելը, երկրորդը՝ բիզնեսին խթանելը, որն այս պահին անհրաժեշտ է, հատկապես՝ առեւտրային ակտիվության պակասի պարագայում»:

«Մեր գերխնդիրը բիզնեսին չխանգարելն է, բիզնեսի ճանապարհին չկանգնելը, այդ իսկ պատճառով կարող եք կամայական հարթակի վրա բարձրաձայնել այն խնդիրը, որը խոչընդոտում է, որը ձեր նեղ տեղն է՝ բիզնեսը զարգացնելու համար: Երկրի զարգացումը, շարժիչ ուժը դուք եք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպմանը ներկա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ քննարկում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները ներգրավել Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացմանն ուղղված ծրագրում: Վարչապետն էլ հավելել է, որ առաջիկայում հիմնվելու է նշված ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային հիմնադրամ:

Անդրադառնալով կառավարության ներդրումային ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է, որ մարզեր այցերի արդյունքում հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր` շուրջ $3,2 մլրդ ընդհանուր արժեքով, որոնք ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից ՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից եւ մասնավոր հատվածից:

Դիտում՝ 3186
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai