Միջազգային հանցավոր խումբը ՀՀ բանկոմատներից 133 մլն դրամ է հափշտակել

13.02.2017 | 21:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամները ՀՀ գերատեսչություններից մեկի անունից Հայաստանում գործող առեւտրային բանկի աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին են ուղարկել վնասաբեր համակարգչային ծրագրեր պարունակող մի քանի տասնյակ կեղծ նամակներ, որոնց միջոցով ներթափանցել են բանկի ներքին համակարգչային ցանց եւ տիրացել այնտեղ պահվող տեղեկատվությանը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ այնուհետեւ բանկի սերվերներից մեկի վրա տեղադրվել եւ գործարկվել է հեռակա համակցման ծրագիր, որի կիրառմամբ առեւտրային բանկի բանկոմատները սպասարկող սերվերը վարակվել է վնասաբեր համակարգչային ծրագրերով՝ խափանելով դրանց բնականոն աշխատանքը:

Հետագայում Հայաստան ժամանած հանցավոր խմբի անդամները, Երեւան եւ Աբովյան քաղաքների տարբեր հասցեներում գործող 22 բանկոմատների ստեղնաշարերի միջոցով մուտքագրելով հատուկ հրահանգներ, ապօրինի ելքագրել եւ հափշտակել են շուրջ 133 մլն դրամ գումար:

Վերոնշյալ հանցանքները կատարած օտարերկրյա երեք քաղաքացիների ինքնությունը պարզվել է, նրանք ներգրավվել են որպես մեղադրյալներ, եւ նրանց նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:

Մասնագիտացված միջազգային հանցավոր խումբը գործում է հետխորհրդային տարածքի երկրներում եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակում, հաղորդում է ԱԱԾ-ն:

Կառույցը հորդորում է նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ստացվող էլեկտրոնային նամակների նկատմամբ ցուցաբերել առողջ կասկածամտություն, ոչ պաշտոնական կամ անհայտ ծագման հասցեներից ուղարկված նամակներն առանց բացելու անմիջապես ջնջել կամ ձեռնարկել անվտանգության հետ կապված  համապատասխան այլ միջոցներ:

Դիտում՝ 6057
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai