ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության 96%-ն ուղղվել է մարզեր

09.02.2017 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) տնօրեն Լեւոն Մնացականյանն այսօր ասել է, որ 2016-ին 4300 ՓՄՁ-ի տրամադրել է 8900 աջակցություն:

«Աջակցություն ստանալու համար բավական հաճախ դիմել են ջերմոցային տնտեսությունները, առողջապահական ծառայություններ մատուցողները` կլինիկաներ, ատամնաբուժարաններ: Առեւտրի ոլորտից դիմողները եւս շատ են, սակայն փորձում ենք շեշտը դնել արտադրության եւ ծառայությունների վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լեւոն Մնացականյանը:

Նրա խոսքով` ՓՄՁ պետական աջակցության 2016թ. ծրագրի շրջանակում պետբյուջեից հատկացվել է շուրջ 143 մլն դրամ (2015-ին այն կազմել է 152,3 մլն դրամ- խմբ.), իսկ աջակցության հասցեատերերի 96%-ը եղել է մարզերից:

Կենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ անցած տարվա ընթացքում սկսնակ գործարարներին տրամադրվել է 152 աջակցություն: Բացի այդ, ուսուցողական մասով տրամադրվել է 126, իսկ տեղեկատվական եւ խորհրդատվական մասով՝ 8417 աջակցություն: Ոլորտային բիզնեսներին աջակցության շրջանակում տրամադրվել է 11 դրամաշնորհ, իսկ ՓՄՁ-ների միջազգայնացման շրջանակում` 193 աջակցություն:

Բացի այդ, վարկային երաշխավորությունների ծրագրով  ֆինանսական աջակցություն է ստացել 18 սկսնակ եւ գործող ՓՄՁ:

«Սկսնակներին ֆինանսավորում ենք տարեկան 10% տոկոսադրույքով, առանց որեւիցե գրավի կամ գործունեության պատմության: Սա այն դեպքում, երբ բանկերը նոր բիզնեսին ընդհանրապես չեն վարկավորում: Մեր առաջարկած պայմաններն արդեն իսկ արտոնյալ են նոր բացվող ընկերությունների համար: Իհարկե, պահանջարկ կա ավելի ցածր տոկոսադրույքների, սակայն այսօր երկրում առկա ռեսուրսների արժեքից ելնելով ավելի ցածր տոկոսադրույք առաջարկել հնարավոր չէ»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով տրամադրված վարկերի վերադարձելիության հարցին` ՓՄՁ ԶԱԿ տնօրենն ասել է, որ իրավիճակն այս առումով գոհացուցիչ է:

«2016թ. խնդրահարույց վարկերի բաժինն ընդհանուրում կազմել է ընդամենը 7%, ինչը բավական լավ ցուցանիշ է: Մենք չենք տրամադրում ֆինանսավորումն ու «քաշվում» մի կողմ: Ձեռնարկություններում անցկացնում ենք եռամսյակային մոնիտորինգ եւ եթե նկատում ենք լուրջ խնդիրներ, փորձում ենք միջամտել, աջակցել դրանց լուծմանը, որպեսզի ընկերությունները չհասնեն ծայրահեղ վիճակի եւ ի վիճակի չլինեն կատարել մարումները»,- ասել է նա:

Խոսելով 2017թ. ծրագրերի մասին` Լեւոն Մնացականյանը նշել է, որ շարունակելու են աջակցել ՓՄՁ ոլորտի զարգացմանը Հայաստանում` խորացնելով նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:

«2017թ. ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը շարունակաբար կընդլայնվեն եւ կհամալրվեն աջակցության նոր գործիքներով` հիմք ընդունելով կառավարության նախանշած տնտեսական զարգացման առաջնահերթությունները»,- ասել է նա:

Դիտում՝ 3008
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai