IFC-ն $140 մլն կուղղի ՀՀ-ում մաքուր էներգիայի զարգացմանը

07.02.2017 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ներգրավել է $140 մլն-ի չափով միջազգային ֆինանսավորման փաթեթ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» համար։

IFC տարածած հաղորդագրության համաձայն՝ սա Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջին ամենախոշոր միջազգային պարտքային ֆինանսավորման փաթեթն է:

Ֆինանսավորումը կտրամադրվի «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» միջազգային էներգետիկական ընկերությանը, որը 2015թ. ձեռք է բերել «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը»։

Ֆինանսավորման փաթեթը ներառում է $45 մլն-ի չափով վարկ IFC-ի սեփական միջոցներից եւ դրան զուգահեռ՝ $65 մլն վարկ՝ Գերմանական զարգացման բանկից, եւս $30 մլն՝ Գերմանիայի ներդրումների եւ զարգացման կորպորացիայից։

Վարկային միջոցներով Կոնտուր Գլոբալը հնարավորություն կունենա վերանորոգել 404 ՄՎտ հզորություն ունեցող «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը»: Արդյունքում ակնկալվում է արտադրել տարեկան 1150 գիգավատտ-ժամում էներգիա, ինչը կօգնի պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ՝ կանխելով տարեկան մոտավորապես 55 հազ. տոննա ջերմոցային գազերի արտանետումը։

Ակնկալվում է նաեւ, որ ֆինանսական օժանդակությամբ կխթանվի Հայաստանում էներգետիկ կայունությունը եւ լրացուցիչ 60 հազ. սպառողի կայուն կերպով մաքուր էներգիա կմատակարարվի։

«Շատ ուրախ ենք այս նորարարական, երկարաժամկետ ֆինանսավորման փաթեթը Որոտանին տրամադրելու աշխատանքներն ավարտելու կապակցությամբ»,- ասել է «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը։

IFC-ում ընդգծել են, որ այս ֆինանսավորման փաթեթի տրամադրումը նշանավորվում է նաեւ առաջին անգամ IFC-ի կողմից Հայաստանի ենթակառուցվածների պարտքային ֆինանսավորմամբ։

«Մենք ականատես ենք, թե ինչպես են մասնավոր բիզնեսներն աշխարհում օգնում խթանել էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Որոտանի համալիրի վերակառուցումը կօգնի Հայաստանում տասնյակ հազարավոր մարդկանց մաքուր էներգիա մատակարարել։ Այս ներդրմամբ ակնկալվում է ճանապարհ բացել հավելյալ մասնավոր ներդրումների համար, որոնք կուղղվեն երկրի կենսական կարեւորության ենթակառուցվածքներին»,- ասել է IFC Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի շրջանների ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավար Վիբկե Շլոմերը:

«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրը» բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից, որոնց բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրահամակարգի սահմանված հզորությունների շուրջ 15%-ը։

Հայաստանը IFC-ի անդամ է դարձել 1995թ.։ Այդ ժամանակից ի վեր, IFC-ի երկարաժամկետ ներդրումները կազմել են $480 մլն:

Դիտում՝ 10467
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai