Ամերիաբանկն ու ամերիկյան «Գոլդեն Սթեյթ»-ը կհամագործակցեն

18.01.2017 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկն ու ամերիկյան «Գոլդեն Սթեյթ» բանկն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է երկու բանկերի հաճախորդներին հնարավորություն տալ օգտվելու միմյանց ծառայություններից եւ շուկաներից:

«Գոլդեն Սթեյթ» բանկի փոխնախագահ Վիգեն Ալեքս Հովսեփյանի խոսքով` «փոխգործակցության այս ձեւաչափն աննախադեպ է հայաստանյան եւ ամերիկյան բանկերի միջեւ»:

Հուշագրի ստորագրման արդյունքում կհեշտանա բանկերի առաջարկած միջնորդության ծառայություններից օգտվելը, Հայաստանում ներդրումներ կատարելու, ինչպես նաեւ բիզնես վարելու գործընթացը:

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, կարեւորելով հուշագրի կնքումը, հույս է հայտնել, որ դրա շրջանակում առաջարկվող ծառայությունները մեծ պահանջարկ կունենան:

«Ամերիաբանկի համար Միացյալ Նահանգների շուկան միշտ էլ հետաքրքրիր է եղել, եւ մենք դիտում ենք այս զարգացումը որպես մեկ քայլ առաջ դեպի այն նպատակները, որոնք դրել ենք դեռեւս 5 տարի առաջ` ստեղծելով մեր ներկայացուցչությունն ԱՄՆ-ում»,- ընդգծել է նա:

Տիգրան Ջրբաշյանի խոսքով` համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել ինչպես միջբանկային գործառնություններ, այնպես էլ հաճախորդների ուղղորդում, վարկունակության գնահատում, համապատասխան պրոդուկտների առաջարկ (ավանդ, վարկ, հաշվի եւ քարտի սպասարկում եւ այլն):

«Կալիֆոռնիայի հայկական համայնքում գոյություն ունի 1-1,5-միլիոնանոց շուկա, որն ամենավճարունակն է Սփյուռքում: Հայաստանցի գործարարները, իրենց ապրանքներն արտահանելով ԱՄՆ շուկա, կարիք ունեն այնտեղ ունենալու այնպիսի գործընկեր, որը կբավարարի իրենց բանկային պահանջները: «Գոլդեն Սթեյթ»-ի միջոցով հնարավորություն կունենանք ապահովել բիզնեսի համար անհրաժեշտ բանկային ենթակառուցվածքները Կալիֆոռնիայում»,- նշել է նա:

Բացի այդ, ըստ Տիգրան Ջրբաշյանի, ամերիկյան բանկի հետ համագործակցության շնորհիվ ԱՄՆ ընկերություններն ու ֆիզիկական անձիք հնարավորություն կունենան ֆինանսավորում ստանալ Ամերիաբանկից` բիզնես գործունեություն ծավալելու կամ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով:

«Գոլդեն Սթեյթ»-ն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գործող բանկ է, որի մայր ընկերությունը «Գոլդեն Սթեյթ Բենքորփ»-ն է: Այն տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սպասարկելով գործարար, առեւտրային եւ մասնագիտական հատվածները: «Գոլդեն Սթեյթ»-ը մատուցում է ծառայություններ Գլենդելում տեղակայված գլխամասի եւ մասնաճյուղի, ինչպես նաեւ Ափլենդում գործող տարածքային գրասենյակի եւ մասնաճյուղի միջոցով:

Դիտում՝ 16464
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai