Արտահանումը պետք է դառնա տնտեսության շարժիչ ուժը, ասել է նախարարը

28.12.2016 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ամփոփել է 2016-ը եւ նախանշել 2017-ին նախարարության աշխատանքի առաջնահերթությունները:

Արտահանում

Սուրեն Կարայանը նշել է, որ ընթացիկ տարում գրանցվել է արտահանման ռեկորդային աճ, սակայն ՀՆԱ-ում դրա 30% մասնաբաժինը դեռեւս գոհացնող չէ:

Նախարարի խոսքով՝ զարգացած տնտեսություն ունենալու համար պետք է ձգտել արտահանման ծավալը ՀՆԱ մասնաբաժնում հասցնել 40-50%-ի:

«Արտահանումը պետք է լինի տնտեսության շարժիչ ուժը: Նեղ ուղղվածության արտահանող տնտեսությունից պետք է անցում կատարել դիվերսիֆիկացված, զարգացած տնտեսություններին հատուկ ֆինանսական եւ այլ ենթակառուցվածքներով ապահովվված, հարեւանների պահանջներին բավարարող արտահանող տնտեսության»,- ասել է Սուրեն Կարայանը:

Այս ուղղությամբ նախարարությունն աշխատանքներ է տանում մինչ օրս թերի կամ ընդհանրապես չօգտագործված գործիքակազմի բացահայտման եւ կիրառման համար:

Կառույցը քննարկումներ է տանում վերազգային կորպորացիաների հետ՝ նրանց ցանցում հայկական արտադրանքի ներկայացվածության ապահովման նպատակով: Մասնավորապես, ներկայում բանակցում են «Սեւանի իշխան», «Մխչյան Ֆիշ», «Դուստր Մարիաննա» եւ այլ ընկերությունների հետˋ հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ:

Կառավարության, ՊԵԿ-ի ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը զբաղվում է ԵԱՏՄ շուկայում հայկական ապրանքների մուտքի համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու հարցով:

Նախարարը նկատում է, որ այս շուկայում առկա է արտահանման ահռելի ներուժ, որն ինչ-ինչ պայմաններով չի օգտագործվել: Աշխատանքներ են տարվում նաեւ տարածաշրջանում հայկական արտադրանքի ներկայացվածության վերաբերյալ: Այս առումովˋ Սուրեն Կարայանը մեծ հնարավորություններ է տեսնում Իրանի հետ հարաբերություններում:

Գործարար կապերի խթանման եւ արտերկրում հայկական արտադրանքի ճանաչելիության ուղղությամբ նախարարությունն ակտիվ աշխատանքներ է սկսում արտերկրում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:

Արտահանման ապահովագրություն

Արտահանման ցանկալի արդյունք ունենալու համար պատասխանատու կառույցը կարեւորում է արտահանման ապահովագրական ընկերությունների ընդլայնման հարցը:

«Ընթացիկ տարվա դեկտեմբերի տվյալով՝ ապահովագրված գործիքների արժեքը հասել է 2 մլրդ դրամ սահմանաչափին, որն ավելի քան հինգ անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ներդրվել է նաեւ նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրությունը, ինչի շնորհիվ լուծվել է արտահանողի՝ շրջանառու կապիտալի նկատմամբ պահանջարկն արտադրության եւ տարաժամկետ վճարման սպասման փուլում»,- նշել է նախարարը:

2017-ին նախատեսվում է պարզեցնել արտահանողներին ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմն ու ժամկետի կրճատում կատարել:

Ներդրումներ եւ գործարար միջավայրի բարելավում

Հաջորդ տարի նախարարության առաջնահերթություններից կլինի բիզնեսի համար ռիսկեր պարունակող գործարար միջավայրից անցումը այնպիսի միջավայրի, որտեղ պետության կարգավորումների նվազագույն ծավալ, կայունություն եւ կանխատեսելիություն կլինի:

Նախատեսվում է ներդնել ՓՄՁ նախաձեռնություններին աջակցող պետական մեխանիզմներ: Քայլեր կարվեն նաեւ Համաշխարհային բանկիˋ «Գործարարությամբ զբաղվելու» զեկույցի գնահատման առաջընթաց ապահովելու ուղղությամբ:

Նախարարը նկատել է, որ ներկայում ՀՆԱ մասնաբաժնում ներդրումները կազմում են ընդամենը 1%, մինչդեռ ցանկալի թիվը 4-5%-ի հասնելն է:

Անդրադառնալով նոր ներդրումներինˋ Սուրեն Կարայանը նշել է, որ 2017թ. առաջին եռամսյակում կլինի 8 նոր ներդրումային ծրագիր, որոնք հիմնականում արվում են տեղացի ներդրողների կողմից:

Այդ ծրագրերով, ընդհանուր առմամբ, կներդրվի 3 մլրդ դրամ եւ կստեղծվի 900 նոր աշխատատեղ:

Իրանի հետ սահմանին ԱՏԳ-ն կգործարկվի մինչեւ ապրիլ

Սուրեն Կարայանի խոսքով՝ Իրանի հետ սահմանակից տարածքում Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) աշխատանքների մեկնարկը կտրվի մինչեւ 2017թ. ապրիլ:

Նախարարը նշել է, որ արդեն իսկ մշակվել է ԱՏԳ-ի ստեղծման հայեցակարգն ու ներկայացվել կառավարության հաստատմանը: ԱՏԳ-ի հիմնումը, ըստ Սուրեն Կարայանի, նոր զարկ կտա երկու երկրների միջեւ գործարար կապերի խորացմանն ու կակտիվացնի առեւտրային կապերը:

Հիշեցնենք, որ Իրանի հետ ԱՏԳ հիմնելու հնարավորություններն ուսումնասիրելու հանձնարարականով նոյեմբերին հանդես էր եկել վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դիտում՝ 3857
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai