gg-ն ներդրել է անկանխիկ վճարման հնարավորություն

02.12.2016 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

gg ընկերությունն օրերս թարմացրել է իր Android հավելվածը՝ ներկայացնելով մի շարք նորություններ:
 
Banks.am-ի հետ զրույցում gg ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը պատմել է, որ շուկայում իրենք առաջինն են, որ առաջարկում են պատվերի դիմաց անկանխիկ վճարման տարբերակ:
 
«Այս ոլորտում առաջինն ենք Հայաստանում, որ գործարկեցինք մեկանգամյա նույնականացմամբ օնլայն վճարման համակարգը։ Անհրաժեշտ է մեկ անգամ հավելվածին կցել բանկային քարտը, իսկ նույնականացնելուց հետո պետք է պարզապես պատվեր ձեւակերպելիս նշել վճարման տարբերակը (ArCa, Visa, MasterCard)։ Այսինքն, անհրաժեշտ չէ ամեն անգամ պատվեր կատարելիս մուտքագրել քարտային տվյալները եւ հաստատել»,- նշել է gg-ի համահիմնադիրը:
 
Խաչատուր Գրիգորյանը տեղեկացրել է, որ անկանխիկ վճարման դեպքում գանձվող 2% միջնորդավճարը բանկային ծառայության փոխանցման միջնորդավճարն է:
 
«Մեր կողմից սակագնային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նաեւ նշեմ, որ հաճախորդի քարտային ամբողջ ինֆորմացիան բանկի տրամադրության տակ է, պրոցեսինգային մասը եւս կատարում է բանկը։ Մենք չենք տիրապետում քարտի եւ հաճախորդի որեւէ տվյալի՝ դրանք պահպանվում են բանկի կողմից»,- ասել է Խաչատուր Գրիգորյանը:
 
Մինչեւ դեկտեմբերի վերջ անկանխիկ վճարման հնարավորությունը հասանելի կլինի նաեւ iOS օգտատերերի համար:
 
gg-ի համահիմնադիրն անդրադարձել է նաեւ թարմացված հավելվածի մյուս նորություններին:
 
«Ամբողջությամբ փոխվել է հավելվածի դիզայնը. այն դարձել է ավելի դյուրին եւ հարմար օգտատերերի համար։ Մոտակայքում գտնվող մեքենաների՝ պատվիրատուին հասնելու ժամանակն արդեն երեւում է միանգամից առաջին էջում, հետեւաբար՝ այլեւս անհրաժեշտ չէ պատվեր գրանցելու էջ մուտք գործել՝ ժամանակը տեսնելու համար։ Բացի այդ, հավելվածից օգտվելիս օգտատերերը հիմնականում ստիպված չեն լինի հավելյալ թույլտվություններ (permissions) տալ»,- ընդգծել է Խաչատուր  Գրիգորյանը:
 
Նարինե Դանեղյան

Դիտում՝ 12249
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai