Ամերիաբանկը ֆրանսիական «Պրոպարկո»-ից $20 մլն վարկ է ստացել

29.11.2016 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր «Պրոպարկո» ընկերությունից $20 մլն վարկ է ներգրավել, որը կուղղվի Հայաստանում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության եւ առողջապահության ոլորտների ֆինանսավորմանը:

Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է այսօր Երեւանում` Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի եւ «Պրոպարկո» ընկերության ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Գիյոմ Բարբրուսի միջեւ:

«Ամերիաբանկի հետ մեր համագործակցությունը սկսվել է 2013թ., երբ  ստորագրեցինք վարկային պայմանագիր` հիմնականում թիրախավորելով գյուղմթերքների արտադրության եւ վերամշակման ոլորտները: Նպատակ ունենք ավելի խորացնել նախորդ ծրագիրը եւ, շարունակելով աջակցել ՀՀ տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկի` գյուղատնտեսության զարգացմանը, այս անգամ ներառել նաեւ էներգետիկայի եւ սոցիալական ուղղվածության ծրագրերի ֆինանսավորումը»,- նշել է Գիյոմ Բարբրուսը:

Արտակ Հանեսյանն էլ, կարեւորելով բանկի եւ «Պրոպարկո»-ի միջեւ համագործակցությունը, հույս է հայտնել, որ նոր վարկի ներգրավումը հնարավորություն կտա ընդլայնել հարաբերությունների շրջանակները` ծառայելով բանկի հաճախորդների շահերին:

«Այս պայմանագրի ստորագրումը եւս մեկ քայլ է՝ մեր տնտեսության հետագա զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով ներգրավելու երկարաժամկետ եւ մատչելի տոկոսադրույքներով ֆինանսական միջոցներ»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով Banks.am-ի հարցին, թե արդյոք գյուղոլորտում ապահովագրության բացակայությունը չի խոչընդոտում ոլորտի վարկավորման ընդլայնմանը, Արտակ Հանեսյանը նշել է, որ իրենք հիմնականում աշխատում են վերամշակող ձեռնարկությունների եւ ավելի քիչ` ֆերմերային մանր տնտեսությունների հետ, ինչը բանկին թույլ է տալիս զերծ մնալ բերքի հետ կապված անմիջական ռիսկերից:

«Ենթակառուցվածքների հետ կապված՝ դեռեւս հնարավորություն չունենք ավելի ընդլայնելու եւ մանր գյուղվարկեր տրամադրելու: Մենք ավելի շատ շեշտը դնում ենք գյուղմթերք արտադրող եւ վերամշակող ձեռնարկությունների վրա»,- պարզաբանել է Արտակ Հանեսյանը:

Դիտում՝ 12271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai