Նախագահ. Այլեւս անցյալ է դրսի վարկերին ապավինելու քաղաքականությունը

26.11.2016 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «կառավարության ուշադրության թիվ մեկ առարկան երկրի տնտեսությունն է, առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու եւ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու գերկարեւորությունը»։
 
Այս մասին նախագահն ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի ընթացքում ունեցած իր ելույթում:

 «Հայաստանի տնտեսության, այսպես ասած, «իմունիտետը» շատ է փոխվել այս տարիների ընթացքում։ Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով, կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ալիքները եւ չթողնել, որ դրանք անխոչընդոտ հասնեն մարդկանց, հասնեն ընտանիքներ։ Հենց այդ՝ անընդհատ ավելացող ամրության պաշարն է նաեւ, որ մեզ թույլ տվեց առաջանցիկ աճ ապահովել»,- ասել է նախագահը։
 
Նրա խոսքով՝ 2007-2015 թթ. Հայաստանն ապահովել է 29.3% իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32% աճ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը վերջին 9 տարիներին շարունակել է զարգանալ` դիմագրավելով այնպիսի տնտեսական ցնցումների, որոնք համեմատվում են նախորդ դարի երեսնականների մեծ դեպրեսիայի հետ։
 
«Այդ պայմաններում մենք կարողացանք ոչ միայն չդոփել տեղում, այլեւ նոր հորիզոններ բացել երկրի զարգացման համար, փոխել տնտեսության կառուցվածքը՝ դարձնելով այն ավելի բազմազան, նաեւ տնտեսության կառուցվածքում էականորեն մեծացնել արտահանումը՝ միաժամանակ կրճատելով ներմուծման ծավալները։ Մասնավորապես, եթե ընդամենը դարասկզբին արտահանելի հատվածի նպաստումը կազմում էր մեր ՀՆԱ-ի աճի մոտ 20-23%-ը, ապա վերջին հինգ տարիներին այն կազմել է 72%-ը: Եթե 2006թ. Հայաստանի արտահանումը կազմել է $985 մլն, ապա 2015թ.՝ $1 միլիարդ 485 մլն, իսկ այս տարվա 9 ամիսներին՝ $1,3 մլրդ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
 
Նախագահն ընդգծել է, որ 2007-2015 թթ. աշխատողների իրական աշխատավարձն աճել է 39,2%-ով, իսկ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձն աճել է 2.8 անգամ՝ 20 հազ. դրամից հասնելով 55 հազ. դրամի:

«Լրջորեն աճել են աշխատավարձերը մեր երկրի պետական հատվածում: Եթե 2007թ. պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 60985 դրամ, ապա 2016թ. ինն ամիսներին կազմել է 160688 դրամ: Այսինքն՝ անցած 9 տարիների ընթացքում պետական հատվածում աշխատավարձը բարձրացել է 2.6 անգամ: Մասնավոր հատվածում 2016թ. ինն ամիսներին միջին աշխատավարձը կազմել է 214169 դրամ՝ 2007թ. 90879 դրամի փոխարեն կամ աճել է 2.4 անգամ։

Նմանապես զգալիորեն աճել են կենսաթոշակները: Եթե 2007թ. միջին ամսական կենսաթոշակը կազմել է 12746 դրամ, ապա 2016թ. այն գերազանցել է 42000 դրամը: Այսինքն անցած 9 տարիների ընթացքում միջին ամսական կենսաթոշակը բարձրացել է 3.3 անգամ»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով բնակչության եւ տնտեսավարողների ավանդներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս տարվա սեպտեմբերի դրությամբ դրանք կազմել են 1,6 տրիլիոն դրամ։
 
«Համեմատության համար ասեմ, որ 2006թ. դեկտեմբերի դրությամբ այն կազմել է 272 մլրդ դրամ։ Աճը՝ 5,8 անգամ։ Ընդ որում, միայն բնակչության, այսինքն ֆիզիկական անձանց ավանդները կազմել են շուրջ 1 տրիլիոն դրամ, իսկ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում երաշխավորված ավանդների քանակն արդեն անցնում է 1,8 միլիոնը»,- ասել է նախագահը՝ նկատելով, որ հարց է ծագում՝ եթե աշխատավարձերը, կենսաթոշակներն ու տնտեսությունը աճել են, ապա ինչպիսին է աղքատության վիճակը։
 
«Ազնվորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանում աղքատության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված էր հիմնականում արտագնա աշխատողների եկամուտներով ու դրանցով պայմանավորված սպառմամբ։ Ֆինանսական ճգնաժամը հարվածեց հենց այս հատվածին։ Բավական է նշել, որ եթե 2008թ. ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված փոխանցումների ծավալը 2,3 մլրդ դոլար էր, ապա 2009թ. այն կտրուկ նվազեց՝ հասնելով տարեկան 1,6 մլրդ-ի։ Ավելին, 2015թ., հաջորդ ճգնաժամի հետեւանքով, նույն ցուցանիշով ունեցանք արդեն կես միլիարդ դոլարի անկում։ Նույն միտումը շարունակվում է նաեւ այս տարի։

Այսպիսով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով մեր երկրում կտրուկ աճել էր աղքատության մակարդակը՝ մեծացնելով աղքատությունը մոտ 9 տոկոսով։ 2010թ. այն կազմեց 35.8 տոկոս։ Սակայն գործադրված հետեւողական ջանքերի շնորհիվ հաջողվեց այն աստիճանաբար կրճատել՝ 2015թ. հասցնելով մինչեւ 29,8%: Այսպիսով, արտաքին եկամուտների անկմամբ պայմանավորված աղքատության աճը կարողացանք նվազեցնել ներքին տնտեսության իրական աճի հաշվին։ Սա պետք է համարել անկախ Հայաստանի էական տնտեսական ձեռքբերումը, որի հիմքի վրա էլ պիտի հաղթահարենք հետագա վերելքը՝ աղքատության նվազումն ու բարեկեցության աճը խթանելով»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն ընդգծել է, որ բնակչության բարեկեցությունը մեծացնելու համար մի շարք ծրագրեր են ներդրվել՝ սոցիալական փաթեթների համակարգը, քաղաքացիական ծառայողների, երիտասարդ մասնագետների ընտանիքներին Երեւանում եւ մարզերում մատչելի բնակարաններով ապահովելու գործընթացը:
 
Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելու արդյունքում աճել է արտաքին պարտքը։
 
«Սակայն, նախ՝ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին եւ երկրորդ՝ արտաքին պարտքի հիմնական մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը, երկրի անվտանգությունը, այն, բնականաբար, չի վատնվել ընթացիկ ծախսերի վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային:
 
«Հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը։ Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
 
Ըստ երկրի ղեկավարի՝  Հայաստանը, ի տարբերություն այլ հետխորհրդային երկրների, այնպիսի մակրոտնտեսական միջավայր է ապահովել, «որտեղ ցնցումները կարգավորվում են տոկոսադրույքի քաղաքականությամբ կամ բյուջեի դեֆիցիտի համապատասխանեցմամբ, որտեղ փոխարժեքի կտրուկ տատանումը նույնականորեն չի բարձրացնում գները եւ նվազեցնում մարդկանց իրական եկամուտները, որտեղ մարդը կարող է երկարաժամկետ պլանավորել իր խնայողությունները, կուտակել թոշակը»։
 
«Հերթը տնտեսավարողներինն է եւ մեր գործարարի պրպտող, ստեղծագործող, մրցունակ մտքինը, որի արդյունքների ականատեսն ենք արդեն իսկ, եւ դրանք, իհարկե, բազմապատկվելու են»,- ասել է նախագահը:

Դիտում՝ 2951
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai