ՀՀ-ում ԱՃԹՆ-ի ներդրումը կխթանի հանքարդյունաբերության թափանցիկությունը

25.11.2016 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ասել է, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) ստանդարտի ներդրումը նոր մշակույթ կբերի հայաստանյան իրականություն:

Այս մասին նա ասել է Երեւանում`ԱՃԹՆ բազմաշահառու խմբի առաջին նիստի բացմանը, որի ժամանակ տրվել է Հայաստանում այս ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը: 

«Անկախ քաղաքական իշխանության փոփոխությունիցˋ երկրում կստեղծվի եռակողմ հարթակˋ քաղհասարակության, բիզնեսի եւ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակը ոլորտի հաշվետվողականության բարձրացումն ու թափանցիկության խթանումն է»,- ասել է բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը` ընդգծելով ներգրավված բոլոր կողմերի`գործընթացին հավասարապես մասնակցելու կարեւորությունը:

Ամուլսարի ոսկու հանքը կառուցող եւ շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր, բազմաշահառու խմբի անդամ Արմեն Ստեփանյանն էլ նշել է, որ նախաձեռնության ներդրումը, միանշանակ, դրական ազդեցություն կունենա հանքարդյունաբերության ոլորտի եւ երկրի ներդրումային միջավայրի վրա:

«Հայաստանն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել թափանցիկ աշխատանքի համար, որոշ հարցերում առաջխաղացումը նկատելի է: Այս ստանդարտի կիրառումը լրացուցիչ ազդակ կլինի ոլորտի թափանցիկության բարձրացման, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումների նկատմամբ գրավչության տեսանկյունից: Իսկ բազմաշահառու խմբի առկայությունը հնարավորություն կտա ֆինանսատնտեսական թափանցիկության վերաբերյալ հարցերին զուգահեռ քննարկել ու վերացնել նախկինում առկա այլ խնդիրները»,- ասել է նա:

Արմեն Ստեփանյանի խոսքով` «Լիդիան Ինթերնեյշնլ» եւ «Լիդիան Արմենիա» ընկերություններն ունեն թափանցիկության լրացուցիչ պայմաններ, որոնց համաձայն` հայաստանյան ընկերության կայքում պարբերաբար թարմացվում են ֆինանսական հաշվետվություններն ու համայնքներում կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Բազմաշահառու խմբի անդամներից բնապահպան Արթուր Գրիգորյանն էլ ասել է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու են բնապահպանական խնդիրների վրա եւ հասնելու են նրան, որ հանքարդյունաբերության ներկայիս պրակտիկան ու դրա արդյունքում առաջացող բնապահպանական խնդիրներն ապագայում բացառվեն:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հանքարդյունաբերության ոլորտի խորհրդատու Նարինե Թադեւոսյանը նկատել է, որ ստանդարտի ներդրման մաս կազմող եռակողմ կոալիցիոն խորհուրդը հնարավորություն կստեղծի համատեղ քննարկել ոլորտում առկա հարցերը, որոնք հաճախ բարձրաձայնվում են քաղհասարակության կողմից, սակայն երկխոսության կամ փոխադարձ համաձայնության առարկա չեն դառնում:

«Հուսով ենք, որ հետագա քննարկումներն ավելի արդյունավետ կլինեն, ինչը կհանգեցնի ոլորտի թափանցիկությանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,-նշել է Նարինե Թադեւոսյանը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը ողջունել է ՀՀ կառավարության դիրքորոշումը ստանդարտին միանալու հարցում եւ նշել, որ պատրաստ են աջակցել նման կարեւոր քայլի իրականացման աշխատանքներում:

Նշենք, որ ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտին այսօր անդամակցում է 51 երկիր: Հայաստանն անդամակցության վերաբերյալ դիրքորոշում է հայտնել 2015-ինˋ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերից մեկի ժամանակ: Ստանդարտին անդամակցությունը ներառված է նաեւ գործող կառավարության ծրագրում:

Ընթացիկ տարվա ամռանը կազմվել է ստանդարտի բազմաշահառու խմբի անդամների կազմը, որը բաղկացած է կառավարության 6, քաղաքացիական հասարակության 5 եւ հանքարդյունաբերող կազմակերպությունների 4 ներկայացուցչից:

Ներկայում բազմաշահառու խումբն աշխատանքներ է տանում ստանդարտին Հայաստանի անդամակցության վերաբերյալ մինչ տարեվերջ հայտ ներկայացնելու ուղղությամբ: ԱՃԹՆ-ին Հայաստանի անդամակցությունը նախատեսվում է 2017թ. մարտին:

Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման շուրջ Banks.am-ի զրույցը բրիտանական «Ադամ Սմիթ Ինթերնեյշնլ» խորհրդատվական ընկերության առաջատար փորձագետ Ջերեմի Ուեյթի հետ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 2071
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai