Հայաստանը խթանում է այլընտրանքային էներգիայի արտադրությունը

23.11.2016 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության դիմումով առաջիկայում ֆիքսված սակագին կսահմանի մինչեւ 1 ՄՎ հզորության արեւային պանելների համար:

Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Համակարգային արեւային պանելների ծրագրի զարգացումը պետք է խթանվի՝ ներդրողների համար լավ պայմաններ ստեղծելով: Սակագինը ֆիքսող որոշման առկայության դեպքում բոլորը կարող են դիմել ՀԾԿՀ, ստանալ սակագին եւ կառուցել արեւային կայան, որի արտադրած էներգիան, օրենքով սահմանված կարգով, պետությունը 20 տարի շարունակ կպարտավորվի գնել»,- ասել է փոխնախարարը:

Նրա փոխանցմամբˋ հաջորդ կարեւոր քայլն արեւային փոքր միկրոկայանների մասսայականացումն ու հենց սպառման կետում էներգիայի արտադրության հիմնման ծրագրի զարգացումն է, որի հաջողությունը կապված է հանրային իրազեկման ու պրոդուկտի արդյունավետության գիտակցման հետ:

«Արդեն 2,5 ամիս էˋ իմ տան տանիքին տեղադրել եմ արեւային ֆոտովոլտայիկ պանելներ, ինչի շնորհիվ ինքս եմ արտադրում իմ կողմից սպառված էլեկտրաէներգիան: Նախնական ներդրում չեմ կատարել, պանելները ձեռք եմ բերել լիզինգով, եւ այն գումարը, որը հիմա պետք է վճարեի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի դիմաց, վճարում եմ լիզինգի պայմանագրի համար: Ինչպես գիտեք, մեր երկրում մեկ բնակարանի համար միջին սպառման ծավալն ամսական համարվում է 200 կՎտ/ժամը, տարեկանըˋ 2400 կՎտ/ժամը, որն ապահովելու համար պետք է մոտավորապես 1,5 կՎտ/ժամ հզորության արեւային պանել, որի արժեքը միջինում $1000-ին համարժեք դրամ է»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ նման պանելները կարող են ծառայել 28-30 տարի:

Անդրադառնալով իրավանորմատիվային հարաբերություններինˋ Հայկ Հարությունյանը նշել է, որ պանելների ձեռք բերումից ու տեղադրումից հետո բնակիչը «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի հետ կնքում է պայմանագիրը, որից հետո ՀԷՑ-ը բնակչի մոտ տեղադրում է երկկողմանի հաշվիչ, որը ֆիքսում է, թե որքան արտադրված էներգիա է բնակիչը տվել ՀԷՑ-ին եւ որքանըˋ սպառել:

«Մեծ ջանքեր գործադրեցինք, որ լրացուցիչ մարտկոց տեղադրելու պահանջ չլինի, եւ ՀԷՑ-ն անվճար մարտկոցի դեր կատարիˋ բնակչի կողմից նրան տված էներգիան վերցնելու եւ բնակչին վերադարձնելու գործում: Երկկողմանի հաշվիչի տվյալով` արտադրածից ավելի մեծ ծավալի սպառման դեպքում բնակիչը կվճարի ՀԷՑ-ինˋ գործող սակագնով, իսկ պակասի դեքումˋ ՀԷՑ-ը կվճարի բնակչինˋ 1 կՎտ/ժամի դիմաց մոտ 23 դրամ սակագնով»,- ասել է Հայկ Հարությունյանը:

Բնակչի հետ կնքած պայմանագրով ՀԷՑ-ը պարտավորվում է գնել արտադրված, սակայն չսպառված ավելցուկային ծավալը, իսկ էներգիայի ավելցուկ, ըստ փոխնախարարի, հիմնականում լինում է ամռան ամիսներին: Հետագայում հնարավոր է՝ այն արտահանվի Իրան, որտեղ էներգիայի մեծ պահանջարկ կա հենց ամռանը:

«Կոչ եմ անում բոլորին իրենց տանիքներում տեղադրել արեւային պանելներ, արտադրել սեփական էներգիան, անկախանալ ցանցից ու փոփոխվող սակագներիցˋ մասնակցություն ունենալով երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության ապահովման գործին»,- հավելել է փոխնախարարը:

Նրա դիտարկմամբˋ մինչեւ 2020 թվականը Հայաստանում նախատեսվում է 30%-ով կրճատել առաջնային էներգիայի (էլեկտրաէներգիա, գազ) սպառումը: Այսօր այլընտրանքային էներգիայի (ներառյալ հիդրոէներգետիկայի) արտադրությունը զբաղեցնում է ոլորտի մեկ երրորդը, իսկ առկա երեք ծրագրի իրականացման դեպքում մինչեւ 2020թ. այլընտրանքային էներգիայի արտադրության ներկայիս ծավալը կավելանա:

Վերականգնվող էներգիայի եւ Հայաստանում դրա զարգացման վերաբերյալ Banks.am-ի զրույցը Հայկ Հարությունյանի հետ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 3304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai