Համաշխարհային բանկը ՀՀ տնտեսությունից դրական սպասելիքներ ունի

23.11.2016 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկը (ՀԲ) վերանայել է 2016թ. Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը՝ սահմանելով այն 3,1%՝ նախկին 1,9%-ի փոխարեն:

Այս մասին ասված է ՀԲ-ի՝ նախօրեին հրապարակած «Բեւեռացում եւ պոպուլիզմ» խորագրով զեկույցում` նվիրված Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում տնտեսական իրավիճակին:

ՀԲ-ն կանխատեսման բարելավումը պայմանավորել է ՀՀ տնտեսությունում արտաքին պահանջարկի աճով:

«Ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում միջնաժամկետ հեռանկարում չափավոր կարագանա` պայմանավորված համաշխարհային տնտեսության վերականգնմամբ եւ Ռուսաստանում ռեցեսիայի պիկի հաղթահարմամբ: Այդուհանդերձ, կառուցվածքային թերություններն ու տրանսֆերտների լճացմամբ պայմանավորված ներքին պահանջարկի դանդաղ վերականգնումը կխոչընդոտեն դրա ընդլայնումը»,- ասված է զեկույցում:

ՀԲ-ի փորձագետները կարծում են, որ բյուջեի եկամուտների հավաքագրման համեմատաբար ցածր մակարդակը, համեստ տնտեսական աճն ու սոցիալական ծախսերի ավելացումը կպահպանեն բարձր ֆիսկալ ճնշումները մինչ տարեվերջ: Բյուջեի պակասուրդը կհասնի ՀՆԱ-ի 4,3%-ին, իսկ պետական պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 50%-ը:

Այնուամենայնիվ, միջնաժամկետ հեռանկարում ՀԲ-ն ակնկալում է բյուջեի դեֆիցիտի կրճատում` շնորհիվ Հարկային նոր օրենսգրքի ներդրման, ինչը կավելացնի հարկման բազան, հարկային դրույքաչափերը կդարձնի առավել ռացիոնալ, ինչպես նաեւ կծածկի հիմնական օրենսդրական բացերը:

ՀԲ-ն կանխատեսում է համեստ, բայց դրական աճ գյուղատնտեսության եւ արդյունաբերության համար` զուգորդված իրական աշխատավարձերի աճով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, ինչը, ամենայն հավանականությամբ, կնպաստի 2017-2018 թթ. աղքատության կրճատմանը: Արդյունքում, ակնկալվում է, որ աղքատության մակարդակը 2016-ի 24,9%-ից 2018-ին կհասնի 23,2%-ի:

«Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումը յուրահատուկ հնարավորություն է Հայաստանի համար` արտահանման նոր շուկաներ գրավելու, ինչպես նաեւ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տարանցիկ միջանցք ծառայելու տեսանկյունից»,- գրում են զեկույցի հեղինակները:

Ավելին, նրանց կարծիքով` իրանական նավթի հասանելիությունը կավելացնի մրցակցությունը տեղական շուկայում` միաժամանակ նվազեցնելով Հայաստանի կախվածությունը ռուսական վառելիքի ներմուծումից:

Զեկույցում նշվում է, որ մետաղների համաշխարհային շուկայում գների դանդաղ վերականգնումը ռիսկ է ՀՀ տնտեսական աճի եւ աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից:

Փորձագետները մտահոգված են, որ 2016-2018 թթ. Հայաստանում նախատեսվող քաղաքական ընտրությունները կարող են հետաձգել այդքան անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումները` ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ավելացմանն ու արտադրողականության բարձրացմանը:

Դիտում՝ 9081
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai