Ռուբեն Վարդանյան. Տեխնոլոգիական հեղափոխությունը ամեն բան փոխում է

21.11.2016 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ այսօրվա տեխնոլոգիական հեղափոխությունը «պետք է լուրջ փոփոխություններ առաջացնի սոցիալական, քաղաքական, կրթական ու շատ այլ ոլորտներում»:

«Եթե աշխարհագրական հեղափոխությունը հանգեցրեց Վերածննդի, իսկ հետո էլ արդյունաբերական հեղափոխության, ապա այժմ մենք տեխնոլոգիական հեղափոխություն ենք վերապրում: Ապրելակերպը, որը երբեմն անսասան էր թվում, այժմ կասկածի տակ է դրվում: Օրինակ, ո՞վ կարող է այսօր ասել, թե ինչի կբերի Uber ընկերության գործունեությունը, որը աշխատանքով է ապահովում միլիոնավոր մասնավոր վարորդների, չունենալով ոչ մի մեքենա, եւ առավել եւս, չարտադրելով դրանք: Հատկապես եթե մի քանի տարի անց հայտնվեն «անօդաչու» մեքենաներ: Կարելի է նաեւ խոսել Google-ի եւ Facebook-ի մասին: Հարցը այն չէ, թե բոլորը կմիանան կամ չեն միանա այդ հարթակներին: Ոչ էլ հարցը վիրտուալ տեխնոլոգիաներն են կամ դրանց կիրառումը՝ կրթության, բժշկության, գիտության մեջ, կենցաղում: Հարցն այն է, որ դա բերում է որակական փոփոխությունների փոխհարաբերությունների համակարգում, փոխգործակցության գործընթացում, հասարակական ինստիտուտներում եւ մնացած ամեն ինչում», - ասել է Ռուբեն Վարդանյանը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Տեխնոլոգիաների զարգացումը բերում է մի կողմից հասարակության շերտավորման աճին, իսկ մյուս կողմից՝ տեխնոլոգիական ու տեղեկատվական կապերի ամրացմանը: Ի՞նչ է դա նշանակում: Այսօր մեր մոլորակի վրա կա շուրջ 200 ճանաչված պետություն, բայց դրանցից բարեկեցիկ կարելի է անվանել մոտ 50-ը: Մնացած երեք քառորդը այսպես կոչված զարգացող պետությունների խմբին է դասվում: Նախկինում առաջատար երկրների բնակիչները չէին մտածում դրա մասին: Իսկ այսօր մենք չենք կարող համարել, որ մոլորակի բնակիչների մեծ մասի հոգսերը մեզ չեն վերաբերում: Երկրի վրա անհայտ հատվածներ չեն մնացել, աշխարհը փոխկապակցված է դարձել, եւ ինչ էլ կատարվի խնդրահարույց վայրում, դա անմիջապես ազդում է բոլորի վրա: Այսօր մեզ թվում է, որ ռազմական հակամարտությունների գոտիներից փախստականների խնդիրը ծայրահեղ ծանր է, սակայն, եթե ջերմաստիճանը մեր մոլորակի վրա մեկ աստիճանով բարձրանա, տասնյակ միլիոնավոր մարդիկ Աֆրիկայից ու Մերձավոր Արեւելքից կնետվեն Եվրոպա: Իսկ դա տասնյակ անգամներ գերազանցում է այսօր Սիրիայից ու Իրաքից փրկվողների թիվը: Միգրացիոն ալիքները կծածկեն ոչ միայն Եվրոպան ՝ դա բոլորին է վերաբերելու: Այդ պատճառով համաշխարհային գործընթացների բևեռացում է տեղի ունենում: Մի կողմից բոլորը հասկանում են, որ փոխկապակցվածությունը միայն աճելու է: Մյուս կողմից, ավելի է շատանում փոփոխություններից վախեցող մարդկանց թիվը: Նրանք քվեարկում էն Brexit-ի, Թրամպի համար… Տեղի է ունենում իզոլյացիոնիստական, ազգայնական քաղաքականությունների ուժեղացում: Դա մարդկանց բնական արձագանքն է փոփոխություններին», - նկատել է Վարդանյանը:  

Դիտում՝ 15317
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai