Էյչ-էս-Բի-Սի-ն կավելացնի ՀՀ-ում հանքարդյունաբերության աջակցությունը

17.11.2016 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը նախօրեին ասել է, որ բանկն օգտագործում է իր գործարար կապերն ու փորձը` ի շահ Հայաստանում սոցիալապես պատասխանատու եւ կենսունակ հանքարդյունաբերության զարգացման:

Այս մասին Փոլ Էդգարն ասել է Երեւանում նոյեմբերի 16-ին կայացած «Ժամանակակից հանքարդյունաբերությունը Հայաստանում» խորագրով գործարար համաժողովի շրջանակում, որը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների եւ Էյչ-Էս-Բի-Սի-ի հետ համատեղ:
 
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ընդհանուր պորտֆելում  հանքարդյունաբերությունն ունի աճող մասնաբաժին: Մենք արդեն ունենք որոշ հաճախորդներ այս ոլորտից, եւ փորձում ենք պարզել, թե ինչպես կարող ենք օգտակար լինել նրանց ֆիզիկական սպառման շղթան ֆինանսավորելու հարցում»,- ասել է Փոլ Էդգարը:

Նրա խոսքով` համաժողովի շրջանակում բանկի նպատակն է պոտենցիալ եւ գործող հանքարդյունաբերող ընկերություններին եւ սպասարկող ձեռնարկություններին ծանոթացնել ոլորտում առկա հնարավորություններին, ինչպես նաեւ օգտագործելով բանկի գլոբալ ցանցը՝ աջակցել նոր տեխնոլոգիաների մուտքին հայաստանյան շուկա:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկի՝ Միացյալ Թագավորությունում եւ Ֆրանսիայում Ապրանքահումքային գծով առեւտրի ֆինանսավորման ղեկավար Անդրյու Ռոբիսոնն էլ ներկայացրել է հանքահումքային ոլորտի ընկերությունների գործունեության ֆինանսավորման հիմնական լուծումները:

«Որպես գլոբալ բանկ` մենք ակտիվ ենք նախագծային ֆինանսավորման հատվածում, իրականացնում ենք արտահանման վարկավորում այնպիսի մեխանիզմներով, ինչպիսիք են կանխավճարն ու նախաարտահանման ֆինանսավորումը»,- նշել է նա:

Անդրյու Ռոբիսոնի խոսքով` հաճախորդների ֆինանսավորման մեխանիզմն ընտրվում է անհատական մոտեցմամբ` ուսումնասիրելով վերջինների գործունեությունը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը եւս կարեւորել է հանքարդյունաբերության զարգացման հեռանկարը Հայաստանում` ներկայացնելով ոլորտի ընդհանուր իրավիճակը, մարտահրավերներն ու ակնկալիքները:

«Հայաստանը լավ վայր է գործարարությամբ զբաղվելու համար: Այդուհանդերձ, տարածաշրջանում օտարերկրյա ներդրումների մեծ մասը հոսում է Վրաստան: Կարծում եմ` Հայաստանը բավարար չափով ճանաչված չէ որպես ներդրումային հանգրվան, եւ այս ուղղությամբ դեռեւս անելիքներ կան»,- նշել է նա:

Մարկ Դեյվիսի խոսքով՝ երկրի հարկային բեռը թեթեւացնելու գործում մեծ դեր կարող են ունենալ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման շնորհիվ առաջացող լրացուցիչ եկամուտները:

Այս համատեքստում նա կարեւորել է ոլորտում կայուն զարգացման ապահովման հարցը` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի ` բիզնեսի, հասարակության եւ պետության հետաքրքրությունները:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ թափանցիկ, պատասխանատու, սոցիալական ու բնապահպանական միջազգային չափանիշների վրա հիմնված հանքարդյունաբերությունը շահավետ ներդրում կարող է լինել Հայաստանի համար:

«Հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանում իրական հնարավորություններ կան, որոնք պետք է իրացվեն բնության պահպանության եւ աշխատողների անվտանգության պահպանմամբ: Հայաստանում բնապահպանական չափանիշների կիրառմամբˋ կենսունակ հանքարդյունաբերության ապահովման հնարավորության վառ օրինակը Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրն է»,- ասել է դեսպան Ռիչարդ Միլսը:  

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նկատել է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության կարեւոր հենասյուներից մեկն ու արտահանման գործակցում մեծ չափաբաժին ունի:

Անդրադառնալով ոլորտի ներդրումային գրավչությանըˋ նախարարն ասել է, որ քայլեր են արվում օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ենթակառուցվածքների զարգացման ու լոգիստիկ խնդիրների լուծման համար:

Դիտում՝ 14947
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai