Հայտնի են Fintegration հաքաթոնի հաղթողները

31.10.2016 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայտնի են ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում հոկտեմբերի 28-29-ին կայացած FinTech ձեւաչափի առաջին Fintegration հաքաթոնի հաղթողների անունները:

Banks.am-ը ներկա է գտնվել մրցանակաբաշխությանը եւ զրուցել հաղթողների հետ:

«Պարզապես լավագույնը» (մրցանակը` 610 հազ. դրամ) անվանակարգում հաղթող է ճանաչվել Scrival թիմը:

Թիմի ներկայացուցիչ Կարեն Գալստյանը պատմել է, որ իրենք մշակել են Vitto անձնական ասիստենտը` ֆոնդային շուկայի համար:

«Մարդը ֆիզիկապես չի կարող օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր հետեւել նորություններին եւ հասկանալ, թե ինչպես են այդ նորություններն ազդում ֆոնդային շուկայի վրա եւ դրա հիման վրա կանխատեսումներ կատարել: Vitto-ն խորհուրդներ է տալիս մարդուն՝ հասկանալու, թե ինչպիսի գործողություններ կարող է կատարել ֆոնդային շուկայում: Հաքաթոնի ընթացքում մշակել ենք պրոդուկտի շուրջ 80 տոկոսը: Որոշել ենք, որ ծրագիրը պետք է լինի բաց կոդով, եւ բոլոր ցանկացողները կարող են իրենց ավանդը ունենալ պրոդուկտի զարգացման հարցում: Ծրագրում ներառվելու են գիտնականներ, որոնք հետաքրքրված են data science-ով եւ text mining-ով: Դեռ չգիտենք մեր հետագա պլանները, ցանկանում ենք ռեալիզացնել պրոդուկտը, իսկ դրա համար հարկավոր է հասկանալ շուկան եւ ֆորմատը, որով հարկավոր է ներկայանալ»,- նշել է Կարեն Գալստյանը:

«Տեխնոլոգիական առաջընթաց» (մրցանակը` 377 հազ. դրամ) անվանակարգում հաղթել է iterate թիմը:

Թիմի ներկայացուցիչ Էդգար Հարությունյանը պատմել է, որ մշակած լուծման գաղափարն է «հեղափոխել ֆինանսական ոլորտը»՝ բոլոր խոշոր ֆինանսական գործարքներն առցանց բաշխված մատյանում գրանցելու եւ հասարակությանը հասանելի դարձնելու միջոցով:

«Սա կօգնի վերացնել կոռուպցիան եւ հասկանալ, թե ինչպես է փոփոխվում տնտեսությունը տվյալ պահին: Ստանալով այսպիսի հարուստ ինֆորմացիա՝ մենք կարող ենք տրամադրել իրական կանխատեսելի մոդել եւ ներկայացնել դա ավտոմատացված արհեստական բանականություն ունեցող բոտի միջոցով»,- պատմել է Էդգար Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել այն, որ թիմի անդամներից մի քանիսն ընդամենը 17 տարեկան են, եւ ծրագրավորման ոլորտում ընդամենը մի քանի ամսվա փորձ ունեն:

«Իսկապես ստեղծագործական» մրցանակը (233 հազ. դրամ) ստացել է Botanix թիմը:

Թիմի ներկայացուցիչ Տիգրան Ծերունյանը պատմել է, որ գաղափար են ունեցել ստեղծել այնպիսի բոտ, որը կօգնի մարդուն իր բանկային կյանքում, կանի որոշակի առաջարկներ եւ մարդու հարց-պատասխաններին կտա ճիշտ գնահատական:

«Բոտը կարող է տրասնֆերներ կատարել, դեպոզիտներ բացել մարդու փոխարեն եւ այլն: Հաքաթոնի շրջանակում արել ենք ամբողջ պրոդուկտի երեւի մեկ տոկոսը: Բարդությունն այն էր, որ այդ բոտին հարկավոր է սովորեցնել, որպեսզի այն կարողանա վերլուծել ձեր տվյալները: Մեկ տոկոս աշխատանքը, կարծում եմ, մեկ գիշերվա ընթացքում, եւս արդյունք է, քանի որ բոտն արդեն հասկանում է, թե ինչպես կարելի է վերլուծել ձեր ծախսերը: Պրոդուկտը դեմո վիճակի կարող ենք հասցնել երեւի թե երեք ամսվա ընթացքում: Համոզված եմ, որ բոտը կգտնի իր պատվիրատուներին հայկական շուկայում ու ոչ միայն»,- նշել է թիմի ներկայացուցիչը:  

Fintegration-ին մասնակցում էր 21 թիմ (100-ից ավելի մասնակից), որոնք 18-ժամյա հաքաթոնի ընթացքում, օգտագործելով Microsoft-ի BlockChain, Cognitive Services, Cortana Analytics եւ Bot Framework տեխնոլոգիական հարթակները, մշակել էին նորարարական լուծումներ եւ դրանք ներկայացնել ժյուրիին` pitching-ի ընթացքում:

Հաքաթոնը, որի նպատակն էր միավորել ֆինանսական ծառայությունները եւ թվային տեխնոլոգիաները, կազմակերպվել էր «Մայքրոսոֆթ Հայաստանի» եւ «Դոմ-Դանիել» ընկերության կողմից՝ ՀՀ Կենտրոնական բանկի եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ համատեղ:

Նարինե Դանեղյան

Դիտում՝ 3044
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai