Ներդրվել է InecoOne անձնական ֆինանսների կառավարման համակարգը

24.10.2016 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկն օրերս ներկայացրել է InecoOne համակարգը, որը ներառում է անձնական ֆինանսների կառավարման հիմնական գործիքակազմը:

Մասնավորապես, համակարգում ընդգրկված են ընթացիկ հաշիվներ` 3-4 հիմնական արժույթներով, խնայողական հաշիվներ` Inecosave պրոդուկտը, միջազգային կրեդիտ քարտ, օնլայն եւ մոբայլ բանկային լուծումներ:

«Անձնական ֆինանսների կառավարման համար մարդուն անհրաժեշտ են հիմնական բանկային գործիքները` միանգամից եւ միաժամանակ: Դա է պատճառը, որ խմբավորել ենք այս ծառայությունները մեկ համակարգի ներքո»,- նշել է Ինեկոբանկի Բրենդի զարգացման ծառայության ղեկավար Լեւոն Ռուբինյանը:
 
Նրա խոսքով` InecoOne-ը զուտ ծառայությունների փաթեթ չէ, որն այս կամ այն չափով հասանելի է բոլոր բանկերում, այլ ունի առավելություններ, որոնք «տարբերվում են շուկայի առաջարկներից եւ արմատական փոփոխություն կմտցնեն ընդհանուր բանկային ոլորտում»:

«InecoOne-ը ապահովում է մարդու` սեփական ֆինանսների նկատմամբ հասանելիությունը: Եթե բանկում եղած գումարն ավելի քիչ հասանելի է, քան գրպանում, ուրեմն բանկը, ի սկզբանե, պարտված է: Մեր այս պրոդուկտի շնորհիվ հաճախորդի միջոցները հասանելի են 24/7 ռեժիմով` ցանկացած վայրում եւ առանց կորուստների»,- ընդգծել է Լեւոն Ռուբինյանը:

InecoOne համակարգը թույլ է տալիս բանկի հաճախորդներին կրեդիտ քարտից կանխիկացնել միջոցները ՀՀ տարածքում գործող եւ ArCa համակարգի անդամ ցանկացած բանկի բանկոմատից` առանց կանխիկացման միջնորդավճարի. այլեւս բանկոմատ փնտրելու եւ մեծ քանակի կանխիկ գումար պահելու անհրաժեշտություն չի լինում:

Բանկային հաշվին եղած միջոցները եւս հասանելի են ցանկացած պահի եւ վայրում` մոբայլ եւ օնլայն լուծումների շնորհիվ:

«Ինեկոբանկի մոբայլ հավելվածը բանկային համակարգում ներբեռնումների քանակով առաջատարն է: Մեր առաջարկած հեռակառավարման լուծումները մրցակցությունից դուրս են. որոշ հաճախորդների համար քարտից` հաշիվ եւ հակառակ ուղղությամբ փոխանցումներն իրականանում են ակնթարթային ակտիվացմամբ: Բացի այդ, գործում է «ԻնեկոԸնկեր» ծառայությունը, որը թույլ է տալիս երկու հաճախորդների միջեւ փոխանցում կատարել`առանց նշելու հաշվեհամարը, շահառուի եւ փոխանցողի մասին տվյալները. ընդամենը մոբայլ սարքից պետք է ընտրել անձի հեռախոսահամարը կամ էլփոստի հասցեն»,- ասել է Լեւոն Ռուբինյանը:
 
Նա նշել է, որ InecoOne-ը ֆունկցիոնալ է նաեւ ամենօրյա ծախսերի առումով` կոմունալ վճարներ, հարկեր, տուրքեր, պետական տարբեր վճարներ եւ այլն:

Ինեկոբանկն ընձեռնում է կանխիկի մուտքագրման լայն հնարավորություններ: Հաշվի համալրում կարելի է իրականացնել ՀՀ տարածքում գործող վճարային տերմինալներով` առանց միջնորդավճարների:

Բացի այդ, Ինեկոբանկը գործարկել է InecoExpress տերմինալները, որոնք հնարավորություն են տալիս 24/7 ռեժիմով գումար մուտքագրել հաշվին:

«InecoOne պրոդուկտը չունի խճճված պայմաններ, սպասարկման վճարներ առանձին ծառայությունների դիմաց, կանխիկացման եւ կանխիկի մուտքագրման վճարներ: Ընդհանուր փաթեթի համար գործում է պարզ` ամսական 500 դրամ սակագինը: Փաթեթից բխող մյուս ծառայությունները, այդ թվում` տեղեկանքի ստացում, քաղվածք եւ այլն, տրամադրվում են անվճար»,- տեղեկացրել է բանկի ներկայացուցիչը:

InecoOne-ին կարելի է միանալ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ օնլայն հարթակի միջոցով:

Դիտում՝ 11164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai