«ՊԵԿ-ը ոչ թե մարդկանց կյանքի տնօրինողն է, այլ նրանց սպասարկողը»

20.10.2016 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան այսօր ասել է, որ  հանրապետության տնտեսության կայուն աճի ապահովման նպատակով կառավարությունը դավանում է ազատական տնտեսության գաղափարախոսությունն ու տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում է արտահանման աճի մեջ:

Այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում՝ կառավարության նոր ծրագրի  ներկայացման ժամանակ:

«Միջազգային տարբեր վարկանիշներով աշխարհում երջանիկ են համարվում այն պետությունները, որտեղ կան ձեռներեցության համար նպաստավոր պայմաններ. կարեւորը նավթ ու գազ ունենալը չէ, այլ մարդկանց ստեղծագործ կարողությունների բացահայտման համար հնարավորություն ստեղծելը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ կառավարության առաջնային խնդիրը բիզնեսի համար ազատ եւ մրցակցային միջավայրի ստեղծումն է:

«Հարկային եւ մաքսային բնագավառներում պետք է ունենանք այնպիսի խաղի կանոններ, որոնք օրինապահ հարկատուների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ: Պետք է սկսենք իրականացնել հարկային եւ մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխման ծրագիրը. ՀՀ քաղաքացին պետք է իմանա, որ նրանք ոչ թե իր կյանքը տնօրինողն են, այլ` իրեն սպասարկողը: Օրինապահ տնտեսվարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, իսկ ոչ օրինապահները պետք է իմանան, որ հարկերից խուսափելը չի կարող առանց հետեւանքների մնալ»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով ներդրումների խնդրին` կառավարության ղեկավարը նշել է, որ, հաշվի առնելով ՀՀ առանձնահատկություններն ու աշխարհագրական դիրքը, բարեփոխումների համար բավարար չէ միայն հավասար պայմանների ստեղծումը:

«Թեկուզ ժամանակավորապես կառավարությունն այժմ իր վրա պետք է վերցնի ներդրումային ակտիվության, դրա միջոցով աշխատատեղերի խթանման գործառույթը` զանազան գործիքակազմով մասնակցություն ցուցաբերելով Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացման մեջ: Այդ նպատակով ստեղծելու ենք հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական նախագծերի արագ ձեւավորմանն ու զարգացմանը»,-ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ նախատեսում են աշխատել  համապատասխան օրենսդրության վերանայման ու զարգացման ուղղությամբ:

Կարեն Կարապետյանի փոխանցմամբ՝ կառավարությունը ծրագրում է նաեւ գույքագրել չօգտագործվող արտադրական կառույցներն ու մշակել դրանց վերագործարկումը խթանող հատուկ մեխանիզմներ:   

Դիտում՝ 3512
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai