ՎԶԵԲ-ի «ՓՄՁ-ների Ֆինանսներ» երեւանյան դասընթացը գերհագեցած կլինի

17.10.2016 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանում ՓՄՁ-ների Ֆինանսավորման ու զարգացման խումբը եւ Եվրոպական Միությունը՝ որպես տեղական բիզնես-խորհրդատվական ծառայությունների կայուն ենթակառուցվածքի զարգացման աջակցության շարունակություն, հոկտեմբերի 26-28-ին Երեւանում նախաձեռնել են «ՓՄՁ-ների Ֆինանսներ» թեմայով եռօրյա հատուկ դասընթաց: Թեմայի շուրջ Banks.am-ը զրուցել է ՓՄՁ-ների ֆինանսական թրեյներ Խուան Գամեչոյի հետ:

- Պրն Գամեչո, կպատմե՞ք առաջիկա դասընթացի մասին: Ո՞րն է դրա հիմնական թեման եւ նպատակը, ո՞ւմ համար է այն նախատեսված:

- ՓՄՁ Ֆինանսներ դասընթացը նախատեսված է բիզնես խորհրդատուների համար, որոնք Հայաստանի տարբեր արդյունաբերական ճյուղերում ու ոլորտներում գործող բիզնեսների հետ աշխատելու նշանակալի փորձառություն ունեն: Դասընթացի հիմնական թեման այդ խորհրդատուների ֆինանսական գիտելիքների ամրապնդումն է, որպեսզի վերջիններս կարողանան երկրում ՓՄՁ-ների զարգացման համար ֆինանսական լուծումներ տրամադրեն, այդ թվում՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորումը:

- Ի՞նչ հարցեր են քննարկվելու դասընթացի շրջանակում:

- Դասընթացը վերլուծում է բիզնեսի հիմնական ֆինանսական շարժիչ ուժերը: Մենք կգնահատենք, թե ինչից են կազմված ընկերության ֆինանսական հաշվետվությունները եւ ինչպիսին է դրանց կառուցվածքը, եւ կօգտագործենք դրանք ՓՄՁ-ի ֆինանսական կատարողականը գնահատելու համար: Մենք նաեւ կուսումնասիրենք ՓՄՁ-ների ֆինանսական կառուցվածքի կազմման լուծումները, որոնք վարկավորման եւ կապիտալի ֆինանսավորման խառնուրդ են հանդիսանում: Դասընթացի ավարտին մասնակիցները հայկական ընկերության ֆինանսավորման առաջարկ կներկայացնեն ՎԶԵԲ-ի՝ բանկիրներից կազմված ժյուրիին:

- Ներկայացրեք, խնդրեմ, դասընթացի ձեւաչափին վերաբերող մանրամասները: Ի՞նչ կարող են մասնակիցներն ակնկալել դրանից:

- Մասնակիցներին հաստատ շատ աշխատանք է սպասվում: Դասընթացը շատ հագեցած է, քանի որ խորհրդատուները պետք է երեք օրում հասցնեն ամբողջապես ըմբռնել ՓՄՁ-ների ֆինանսները: Մասնակիցները կաշխատեն փոքր պրոյեկտային խմբերով եւ պետք է դասընթացի ժամանակ ստացած տեղեկատվության հիման վրա աշխատեն հայկական սնունդ արտադրող ընկերության ֆինանսական վերլուծության վրա: Չնայած շատ աշխատանք կունենանք անելու, սակայն դա միայն մեկ նպատակ է հետապնդում. դասընթացը հնարավորինս ինտերակտիվ եւ հետաքրքիր դարձնել: Հանգիստ միջավայրում սովորելը չափազանց կարեւոր է արդյունավետ ուսուցման համար:

- Սա ձեր առաջին այցն է Երեւան, ինչպես նաեւ առաջին դասընթացը տեղի խորհրդատուների համար: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Ես երեք դասընթաց եմ անցկացրել ՎԶԵԲ-ի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին թիմի աշխատակիցների համար, ուստի ես արդեն իսկ բարձր որակավորում ունեցող անձանց հետ աշխատելու մեծ փորձառություն ունեմ: Ես արդեն իսկ շատ տպավորված էի դասընթացին մասնակցողների կենսագրություններով եւ վստահ եմ, որ տեղի խորհրդատուները նույնքան հմուտ եւ փորձառու կլինեն:

- Պրն Գամեչո, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներուժը ֆինանսական խորհրդատվության շուկայի զարգացման հարցում:

- Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը մի շարք մարտահրավերների է առերեսվել, բայց երկրում ՓՄՁ ոլորտի զարգացումը երկրի երկարաժամկետ աճի եւ բարգավաճման սերմեր կապահովի: Ուստի ես վստահ եմ, երբ տնտեսական վերականգնումն ամրապնդվի, ՓՄՁ-ների հետագա զարգացման եւ աճի համար բիզնես մասնագետների եւ ֆինանսական խորհրդատուների օգնությունն անհրաժեշտ կլինի:

Դիտում՝ 11521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai