Երեւանում բացվել է Եվրասիական գործընկերության 1-ին համաժողովը

14.10.2016 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր մեկնարկել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին եռօրյա համաժողովն (ԵԳՄՀ) ու Ռուս-հայկական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կարեւորելով համաժողովների անցկացումը` նշել է, որ ԵԳՄՀ-ն «արդյունավետ հարթակ է, որտեղ հանդիպում են գործընկերները, մարդիկ, որոնք միակերպ են մտածում՝ հասնելու օպտիմալ լուծման, փորձ փոխանակելու, պայմաններ ստեղծելու՝ բիզնեսի զարգացման համար»:

«Չնայած հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին՝ միջազգային ինտեգրացիոն գործընթացները, որոնք տեղի են ունենում Եվրասիական գործընկերությունում, կարող են միայն օգնել այդ ամենին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ նշել է, որ համաժողովը կարող է լավ ավանդույթ դառնալ, որտեղ բիզնես-ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան ձեռք բերել գործընկերներ, համագործակցել պետական մարմինների հետ: Վերջիններն էլ կկարողանան լսել խնդիրները, վերակազմակերպել իրենց աշխատանքը` ուղղելով ԵԱՏՄ երկրների բիզնես ոլորտի զարգացմանը:

Նա հիշեցրել է ԵԱՏՄ-ում գործող 4 «ազատությունների» մասին՝ կապված ծառայությունների, ապրանքների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի հետ, որոնց շնորհիվ բիզնեսը ստանում է գործելու ավելի լայն հնարավորություն:

Տիգրան Սարգսյանի խոսքով` տարեվերջին աշխատանքներ են տարվելու դեղորայքի եւ բժշկական միջոցների ընդհանուր շուկայի, էլեկտրաէներգիայի, գազի, նավթի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ:

Կարեւորելով Մաքսային ընդհանուր օրենսգրքի ընդունումը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արվում է ամեն բան, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի դեկտեմբերին՝ ԵԱՏՄ միության նախագահների հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ հիմա աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ-Չինաստան համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ Մետաքսի ճանապարհի միջոցով:

Բացի այդ, ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում Հնդկաստանի, Իրանի, Իսրայելի, Մոնղոլիայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի հետ, իսկ Վիետնամի հետ արդեն առկա է համաձայնություն:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը եւս կարեւորել է համաժողովը` նշելով, որ Ռուսաստանի տնտեսական սուբյեկտների գերակշռող մասն այս կամ այն չափով ներգրավված է Հայաստանի հետ փոխհարաբերությունների զարգացման գործում:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն ու ներդրողն է:

«Համաժողովի շրջանակում ակտիվորեն գործակցում ենք կոորդինացված տրանսպորտային քաղաքականության մշակման հիմնական փուլերով եւ ուղղություններով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերը կօգնեն լուծել մեր առջեւ ծառացած ցանկացած հարց եւ վստահ շարժվել առաջ` դեպի տնտեսական ինտեգրացումը»,- ասել է Մաքսիմ Սոկոլովը:

Համաժողովի նախաձեռնող եւ համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանն էլ նշել է, որ Եվրասիայի տնտեսական ինտեգրացիան հավասարապես ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրների, բոլոր գործարարների ու ներդրողների համար:
 
«Եվրասիան սկսում է գիտակցել, որ այն ոչ միայն աշխարհագրական, այլեւ միասնական տնտեսական տարածաշրջան է, ինչպես հսկայական կենդանի օրգանիզմ, որի յուրաքանչյուր օրգան պետք է առողջ լինի եւ փոխգործակցի մյուսների հետ»,- ընդգծել է նա:

Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում կողմերը ստորագրել են մի շարք համաձայնագրեր` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական, կրթության եւ այլ ոլորտների:  

Դիտում՝ 3685
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai