Facebook
Google Extention
RSS
Հինգշաբթի, Դեկտեմբեր 08

Նորություններ

 

Գործարար միջավայրն առավել արդյունավետ կդարձնենք, ասել է նախագահը

 
 Երեքշաբթի 11 Հոկտեմբեր 2016
Սերժ Սարգսյանը
Photo: ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում առկա է գործարարության համար կարեւորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր:

Այս մասին նա նշել է Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ի շրջանակում:

«Տարածաշրջանում եւ ԱՊՀ երկրներում վերջին զարգացումները՝ արժույթների կտրուկ արժեզրկումը ցույց տվեցին, որ Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին` ապահովելով երկրում կայուն եւ կանխատեսելի մակրոմիջավայր: Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը բավարարում են հասարակության ակնկալիքները` թույլ տալով, որպեսզի մեր ազգային արժույթն արժեզրկվի տնտեսագիտական հիմնարարներին համապատասխան»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը խստորեն հետեւելու է արդյունավետ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության պահպանման ոսկե կանոնին:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները հանձնառու են երկրի գործարար միջավայրի հետագա բարելավմանը, եւ առաջնահերթություն են տալիս թվային կառավարության ներդրմանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսվում է շոշափելիորեն բարելավել նաեւ հարկային եւ մաքսային ոլորտները:

«Մեկ շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր հարկային օրենսգիրքը, որը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին եւ ներդրողներին։ Մենք պարզեցրել ենք հարկային մարմինների կողմից իրականացվող գործընթացները՝ այդպիսով հարկային վերահսկողության գործընթացը դարձնելով առավել գործարարամետ։ Վերջերս, մենք հանձնառություն ենք ստանձնել մեր գործարար միջավայրը դարձնելու առավել կայուն եւ կանխատեսելի՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմամբ եւ ներդրումների պաշտպանության սկզբունքներին հաստատուն հանձնառությամբ։ Այդ սկզբունքները, փաստացիորեն, ամրագրվեցին 2015 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումներում, որտեղ գործարարության զարգացմանն ու ներդրումների դյուրացմանը նպաստող դրույթները հատուկ շեշտադրում ունեն։ Այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը շուտով կիսանախագահական կառավարման ձեւից անցում է կատարելու խորհրդարանականին։ Այս նախաձեռնությունը նաեւ տնտեսական նկատառումներով էր պայմանավորված, եւ մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավել արդյունավետ կլինի մեր երկրի համար, այդ թվում նաեւ՝ տնտեսական առումով»,- ասել է նախագահը:

Նա ընդգծել է, որ արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտվում է որպես Հայաստանի տնտեսությունը խթանող շատ կարեւոր բաղադրիչ:

«Հետեւաբար, պարտավորվում ենք ապահովել նաեւ պիլոտային օրենսդրական լուծումներ խոշոր ներդրողների համար, որոնք կցանկանան այսօրվա ու վաղվա Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ»,- ամփոփել է Սերժ Սարգսյանն իր ելույթը:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1757
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա