«Ինգո Արմենիա»-ն նոր տնօրեն ունի

05.10.2016 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Արեւշատ Մելիքսեթյանը՝ փոխարինելով ընկերության հիմնադիր Լեւոն Ալթունյանին, որը ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը:

«Ինգո Արմենիա»-ում ակնկալում են, որ Արեւշատ Մելիքսեթյանի կողմից ընկերության ղեկավարման ստանձնումը «կապահովի ապահովագրության ոլորտում բարձրորակ եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող ծառայությունների մատուցման արդեն իսկ որդեգրված  քաղաքականության շարունակականությունը»:

«Համոզված եմ, որ նրա ղեկավարությամբ «Ինգո Արմենիա»-ն կշարունակի իր առաքելությունը եւ կնպաստի Հայաստանում ապահովագրական մշակույթի հետագա զարգացմանը»,- ասել է Լեւոն Ալթունյանը:

Ընկերությունում ընդգծել են, որ Արեւշատ Մելիքսեթյանը կստանձնի գործադիր տնօրենի պարտականությունները ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո, իսկ մինչ այդ կլինի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Արեւշատ Մելիքսեթյանը ծնվել է 1983թ. օգոստոսի 10-ին:

1999-2004 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ապահովագրական գործ բաժնում` ստանալով ապահովագրական ընկերությունների կառավարման բակալավրի կոչում:

2004-2007 թթ. սովորել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում:

2009-2011 թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնես կառավարման Մագիստրատուրայում` մարքեթինգի եւ վաճառքի ուղղությամբ:

2015-ից առ այսօր սովորում է Քեմբրիջի համալսարանի Judge Business School-ի Գործադիր բիզնեսի կառավարում մագիստրատուրայում (Executive MBA):

2001թ. հունիսից 2002թ. օգոստոսն աշխատել է «Ինգո Արմենիա»-ում` որպես վաճառքի մասնագետ, 2002թ. սեպտեմբերից 2007թ. հունվարը` Գույքի եւ բեռների ապահովագրության վաճառքի բաժնի ղեկավար: 2007թ. հունվարից 2016թ. սեպտեմբերը զբաղեցրել է ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի (վաճառքների եւ գույքային հատուցումների գծով) պաշտոնը:

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, անդամակցում է Մեծ Բրիտանիայի Chartered Insurance Institute-ին, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիտում՝ 20297
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai