Reuters. ՀՀ ԿԲ-ն աշխարհի «սերիական մեղմացնողների» շարքում է

29.09.2016 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Reuters միջազգային հեղինակավոր գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկը ներառել է դրամավարկային քաղաքականության համաշխարհային «սերիական մեղմացնողների» շարքում:

«Հայաստանը հազվադեպ է հայտնվում համաշխարհային ֆինանսական համակարգի ուշադրության կենտրոնում, սակայն նախկին ԽՍՀՄ այս փոքր երկիրը, շարունակաբար իջեցնելով տոկոսադրույքները, այս շաբաթ արձանագրեց կարեւոր իրադարձություն (վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում - խմբ.), որը դարձավ անցյալ տարվանից հետո դրամավարկային քաղաքականության թուլացման 200-րդ դեպքն աշխարհում»,- գրում է պարբերականը:

Գործակալության համաձայն` 2015թ. հունվարի 1-ից 57 կենտրոնական բանկ արդեն իջեցրել է տոկոսադրույքները` խթանելու տնտեսական աճը եւ/կամ բարձրացնելու գնաճը, ինչն արտացոլում է այն փաստը, որ համաշխարհային տնտեսությունը ֆինանսական ճգնաժամից անգամ 8 տարի անց շարունակում է մնալ փխրուն:
 
«Չնայած 2008թ. ֆինանսական փլուզումն ու նրան հաջորդող Մեծ ռեցեսիան պատմություն են դարձել, այնուամենայնիվ, ԿԲ-ների մեղմացնող քաղաքականության մակարդակը նվազելու փոխարեն շարունակում է աճել»,- նշում է Reuters-ը:

Գործակալությունը փաստում է, որ, չնայած 2016թ. ավարտին դեռ կա 3 ամիս, սակայն ՀՀ Կենտրոնական բանկն արդեն իրականացրել է դրամավարկային քաղաքականության 99 քայլ, ինչը գրեթե ակնհայտ է դարձնում, որ այն մինչեւ տարեվերջ կգերազանցի նախորդ տարվա 101 ցուցանիշը:

Միաժամանակ, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին իջեցումը 9-րդն էր շուրջ մեկ տարվա ընթացքում, երբ կարգավորիչն այն 10,5%-ից հասցրեց 6,75%-ի:

Միայն Արգենտինան է, որ ավելի հաճախ է թուլացրել իր քաղաքականությունը`այս տարվա մայիսից 17 անգամ նվազեցնելով կարճաժամկետ պարտատոմսերի հիմնական տոկոսադրույքը:

Դիտում՝ 18623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai