«Ներդրումների գլուխը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամենակարեւոր մասերից է»

27.09.2016 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասել է, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ բանակցվող նոր շրջանակային համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների բլոկում խոսքն այն կանոնակարգերի մասին է, որոնք առնչվում են մաքսային առեւտրին, մաքսային վարչարարությանը եւ փոխադարձ համագործակցությանը:

Այս մասին Գարեգին Մելքոնյանն ասել է Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք աշխուժացում կլինի առեւտրի ծավալների ընդլայնման կամ ներդրումների ներգրավման մասով:

«Փաթեթում ներառված են նաեւ փոխադարձ առեւտրին վերաբերող հարցեր, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգեր, ստանդարտացում, հավատարմագրում եւ այլն: Մտավոր սեփականության պաշտպանությունը նույնպես առեւտրի ոլորտին է վերաբերվում:

Փաթեթում ներառված են նաեւ այնպիսի բաժիններ, ինչպիսիք են` պետական գնումներ, առեւտուր եւ կայուն զարգացում, թափանցիկություն, ծառայությունների առեւտուր: Կա վեճերի կարգավորման մասին առանձին գլուխ եւ նախատեսվում է, որ եւս մեկ գլուխ կվերաբերի մրցակցությանը»,- ասել է Գարեգին Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Հայաստանը ԵՄ-ի կողմից մրցակցության եւ ներդրումներին վերաբերող գլուխների նախագծերը դեռեւս չի ստացել:

«Իմ կարծիքով՝ ներդրումներին վերաբերող գլուխը բանակցվող համաձայնագրի ամենակարեւոր ուղղություններից մեկն է, եւ մենք պետք է խնդիրը դնենք այնպես, որ այդ ձեւաչափի ներքո կարողանանք Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավենք եւ պայմաններ ապահովենք, որ եվրոպական կապիտալը ավելի վստահ ուղղվի դեպի Հայաստան»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարար:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Եվրամիության միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին, ապա Գարեգին Մելքոնյանը նշել է, որ այն նախատեսում է ազատականացված կարգավորումներ ավիացիայի ոլորտում:

«Երբ ԵՄ գործընկերներին հայտնեցինք մեր հետաքրքրության մասին, Եվրոպական Հանձնաժողովից պատասխան ստացանք, որ ԵՄ գործադիր մարմինն այդ բանակցությունները սկսելու համար պետք է մանդատ ստանա Եվրոպական Խորհրդարանից: Մանդատ ստանալու համապատասխան գործընթացն արդեն ընթացքի մեջ էր, սակայն ս.թ. ամռանը ԵՄ-ն ընդունեց ավիացիոն նոր ռազմավարություն՝ հայտարարելով այն առաջնային երկրների ցանկը, որոնց հետ ցանկանում է ստորագրել այդ ավիացիոն համաձայնագիրը: Այդ երկրների ցանկում, սակայն, Հայաստանը ներառված չէր»,- նշել է Գարեգին Մելքոնյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 2399
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai