Վարչապետը տվել է առաջին հանձնարարականները

15.09.2016 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստը մեկնարկել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի երկու հանձնարարականներով, որոնցով գործադիրի ղեկավարը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների, ինչպես նաեւ հարկային ստուգումների քաղաքականության վրա:

«Այս օրերին շատ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Արդեն իսկ ստեղծվում են համապատասխան հանձնաժողովներ, որոնք կկոորդինացնեն աշխատանքները»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Խոսքն ուղղելով ՊԵԿ ղեկավար Հովիկ Հովսեփյանին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հարկային ստուգումներ իրականացնելիս մանր եւ փոքր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքում:

«Մեր գերատեսչություններն առաջին հերթին պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները եւ, ելնելով դրանից, ապահովեն ոչ կարգապահ եւ արտոնյալ համարվող խոշոր արտադրողների ու ներմուծողների կողմից հարկադիր կարգապահության անվերապահ կատարումը: Հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում: Փոքր եւ մանր ձեռնարկություններին պետք է անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, ապահովել մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառումը եւ գործունեության թափանցիկությունը»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ այդ հանձնարարականները պետք է կատարվեն առանց բիզնեսի ամենօրյա աշխատանքի խոչընդոտման:

Կարեն Կարապետյանի երկրորդ հանձնարարականն ուղղված էր գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայմանը: Վարչապետը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների պաշտոնակատարներին՝ հանձնարարելով համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ:

«Պետք է մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, եւ ապահովել սակագնային խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես՝ գյուղատնտեսության եւ վերամշակվող ճյուղերի համար»,- նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը ՀԾԿՀ նախագահից պարզել է՝ որքան ժամանակ է պետք հանձնաժողովին՝ վերոնշյալ առաջարկությունները գործադիրին ներկայացնելու համար, որին ի պատասխան Ռոբերտ Նազարյանը խնդրել է «նախքան առաջարկներ ներկայացնելը քննարկել եւ հասկանալ որոշակի սկզբունքներ, որից հետո նոր մտածել առաջարկությունների մասին»:

Նիստի ավարտին վարչապետը Ռոբերտ Նազարյանին եւ Արտեմ Ասատրյանին հրավիրել է քննարկման՝ հստակեցնելու սկզբունքներն ու ակնկալվող առաջարկությունները:

Դիտում՝ 20608
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai