ՀՀ ԿԲ-ն պարզաբանում է փոխանցումների միասնական համակարգի ստեղծումը

25.07.2016 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հայտարարություն է տարածել՝ կապված «ԱՐՈՒՍ» անվամբ դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծման հետ:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրել էր, որ 2017-ից ռուսաստանյան դրամական փոխանցումների համակարգերը դեպի Հայաստան գործարքները կիրականացնեն «մեկ պատուհան»-ի սկզբունքով: Banks.am-ն այս առնչությամբ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ:

Վերջինիս տարածած հայտարարությունը ներկայացված է ստորեւ:

«Դրամական փոխանցումների բնագավառը, հանդիսանալով արագ զարգացող ոլորտ, նոր տեխնոլոգիաների եւ նոր գործիքների կիրառման առումով պահանջում է մշտական ուշադրություն թե՛ կարգավորման, թե՛ վերահսկման տեսակետից:

ՀՀ կենտրոնական բանկը, կարեւորելով դրամական փոխանցումների դերը ՀՀ ֆինանսական շուկայում եւ հաշվի առնելով արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերով աշխատելու ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, ձեռնամուխ եղավ Հայաստանի Հանրապետությունում «ԱՐՈՒՍ» անվանմամբ դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծմանը՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը ամրապնդելու նպատակով:

Մի շարք ԶԼՄ-ների միջոցով որոշ փորձագետներ տեսակետներ են հայտնել «ԱՐՈՒՍ» համակարգի վերաբերյալ, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի, թերի են կամ միտումնավոր մոլորեցնող եւ խեղաթյուրում են համակարգի ստեղծման հիմնական նպատակը: Ավելին, այն կարծիքը, որ համակարգի ներդրումը «կսահմանափակի շուկայում մրցակցությունը, քանի որ բոլոր սակագները եւ վճարման ժամկետները կվերահսկվեն մեկ համակարգի միջոցով», անհիմն է եւ կարող է սխալ ազդակ հանդիսանալ շուկայի համար: Իրականում «ԱՐՈՒՍ» համակարգի ստեղծումը ՀՀ ԿԲ եւ ՀՀ առեւտրային բանկերի համատեղ մտահաղացման արդյունք է, եւ նախատեսվում է, որ այն՝

- Միասնական հարթակի հիման վրա եւ տարբեր գործիքների կիրառման հնարավորությամբ ապագայում կդառնա մանրածախ վճարումների միասնական համակարգ, որը հիմքում ունենալով մասնակիցների ազատ մրցակցության ապահովման սկզբունքը, կապահովի  սպառողներին էժան եւ որակյալ ծառայություններ,

- Կբացառի ներկայումս ՀՀ դրամական փոխանցումների շուկային սպառնացող առանձին արտասահմանյան համակարգի կողմից գերիշխող եւ թելադրող դիրք ունենալու վտանգը,
կբարձրացնի անվտանգությունը եւ արդյունավետությունը (անվտանգության միասնական չափորոշիչների կիրառման միջոցով),

- Կստեղծի բարենպաստ պայմաններ եւ կկրճատի դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների եւ սպառողների ընթացիկ ծախսերը (լայն ենթակառուցվածքի հասանելիության հաշվին),

- Կսահմանափակի արտասահմանյան համակարգի օպերատորների անվճարունակության/սնանկության կամ տվյալ երկրի կարգավորող մարմնի կողմից համակարգերի օպերատորներին սնանկ ճանաչելու կամ գործունեությունը դադարեցնելու դեպքում չվճարման ռիսկը՝ համարժեք ապահովվածության մեխանիզմներ կիրառելու միջոցով եւ կբարձրացնի հանրության վստահությունը:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ համակարգում ամրագրված միասնական սակագնային քաղաքականության սկզբունքը չի ենթադրում սակագների թելադրում, ինչպես մեկնաբանվում է լրատվամիջոցներից մեկում: Նախատեսվում է, որ այդ քաղաքականությունը ուղղված է լինելու հավասար մրցակցային պայմանների ապահովման միջոցով եւ մասշտաբի էֆեկտի հաշվին դրամական փոխանցումների շուկայում առկա սակագների նվազեցմանը, քանի որ նույն տեսակի ծառայությունը հասանելի կլինի միասնական համակարգի ներքո, եւ սպառողը հնարավորություն կունենա ընտրելու իրեն առավել հարմար եւ մատչելի փոխանցման տարբերակ:

Լրատվամիջոցներում արտահայտված մեկ այլ մտավախությունը, որ «չափից դուրս վերահսկողությունը կարող է խոչընդոտել արտասահմանյան համակարգերի  մուտքը շուկա», նույնպես անհիմն է: Հակառակը՝ «ԱՐՈՒՍ» համակարգի ներդրումը կհեշտացնի արտասահմանյան համակարգերի մուտքը հայաստանյան շուկա, քանի որ ինչպես ՀՀ ֆինանսական կազմակերպությունները, այնպես էլ արտասահմանյան համակարգերի օպերատորները փոխանցումների կատարման համար բազմաթիվ երկկողմանի պայմանագրեր կնքելու փոխարեն կկնքեն մեկ պայմանագիր` «ԱՐՈՒՍ» համակարգի օպերատորի հետ, իսկ համակարգերի օպերատորները ստիպված չեն լինի հսկել մասնակիցների ֆինանսական ռիսկերը, ինչը կլինի առավել հարմար, քիչ ռեսուրսատար եւ քիչ ժամանակատար՝ միաժամանակ ընձեռելով հասանելիություն ՀՀ վճարահաշվարկային համակարգի բոլոր մասնակիցներին:

Ինչ վերաբերում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողությանը, ապա այն կլինի ավելի մեղմ, քանի որ մի շարք ռիսկերի կառավարումը կենտրոնացված ձեւով կիրականացվի «ԱՐՈՒՍ» համակարգում:

Անհիմն է նաեւ Հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում նախկինում գործող համակարգերից մեկի այն հայտարարությունը, որ առեւտրային հարաբերությունների պետական կարգավորումը արդյունավետ չէ եւ չի նպաստի բիզնեսի զարգացմանը:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նման կարծիք արտահայտած համակարգի գործունեությունը հայաստանյան շուկայում ՀՀ կենտրոնական բանկի կողմից դադարեցվել էր ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջները չբավարարելու (հասանելիությունը ամենուրեք չապահովելու) հիմքով: Այդ իսկ պատճառով, միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ նման կազմակերպությունների մեկնաբանությունները չենք համարում անկողմնակալ եւ հիմնավորված:

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը երբեւիցե չի ստեղծել եւ չի ստեղծի խոչընդոտներ արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու համար, ինչի մասին են վկայում ներկայումս Հայաստանում գործող 13 (այդ թվում` 4-ը ռուսական) արտասահմանյան փոխանցումների համակարգերը»:

Դիտում՝ 4218
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai