Մաշտոցի պողոտայում կբացվի Crowne Plaza հյուրանոցը

13.07.2016 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը՝ InterContinental Hotels Group-ը (IHG), Երեւանում 2018թ. կբացի Crowne Plaza Yerevan Armenia հյուրանոցը, որը գործելու է Hotel SR LLC ընկերության ղեկավարության ներքո:

IHG-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հյուրանոցը տեղակայվելու է Մեսրոպ Մաշտոցի պողոտայում՝ քաղաքի պատմական կենտրոնի եւ գործնական շրջանների մոտ:

Այն մոտ է լինելու «Կասկադ» համալիրին, Մատենադարանին, Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին, ինչպես նաեւ մի շարք վարչական շենքերի ու դեսպանատների:

Նշվում է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ավտոմեքենայով հյուրանոց կարելի է հասնել 20 րոպեում: Այն մոտ է նաեւ մետրո «Երիտասարդական»-ին, որտեղ քայլելով կարելի է հասնել 5 րոպեում:

Հյուրանոցը ներառելու է 98 հյուրանոցային համար, այդ թվում՝ 2 լյուքս, 12 ակումբային եւ 84 էկոնոմ դասի: Գործելու են լոբբի-բար եւ ռեստորան, որոնք առանձին մուտք են ունենալու գլխավոր փողոցի կողմից: Գործնական հանդիպումների եւ միջոցառումների համար գործելու է կենֆերենց-սրահը (120մ/ք մակերեսով) եւ բանակցությունների սենյակը (18մ/ք մակերեսով):

«Ուրախ ենք Հայաստանի մայրաքաղաքում Crowne Plaza ապրանքանիշը ներկայացնելու եւ Hotel SR LLC ընկերության հետ համագործակցությունը սկսելու համար: Այս ապրանքանիշի նպատակակետային աուդիտորիան նպատակասլաց եւ կարիերայով ուղղորդված ճանապարհորդներն են»,- ասել է Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Մերձբալթյան երկրներում եւ Սկանդինավիայում IHG-ի ռազմավարության զարգացման գծով տնօրեն Ալեքսեյ Կորոբկինը:

Hotel SR LLC-ի տնօրեն Ստանիսլավ Համբարձումյանն էլ նկատել է, որ ճանապարհորդների շրջանում Երեւանն ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է վայելում:

«Մայրաքաղաքում գործնական կյանքը թափ է հավաքում, եւ հնարավոր չէր պատկերացնել ավելի հարմար ժամանակ Crowne Plaza-ն Երեւանում բացելու համար: Մենք վստահ ենք, որ IHG-ի՝ հյուրընկալության ոլորտում ունեցած փորձի, Crowne Plaza ապրանքանիշի ունեցած ուժի եւ անշարժ գույքի շուկայում կատարած մեր փորձաքննության շնորհիվ կհայտնվի եւս մեկ բարեհաջող նախագիծ»,- ասել է նա:

«Crowne Plaza Yerevan նոր հյուրանոցում գործելու է Crowne Plaza Sleep Advantage ծրագիրը, որն առաջարկում է նորարար ապրանքատեսականի եւ լուծումներ գիշերային հանգիստ քնի համար՝ հարմարավետ մահճակալներ ու միշտ արագ սպասարկվող հեռախոսազանգեր, որոնք կարթնացնեն հյուրին անհրաժեշտ պահին, ինչպես նաեւ լինելու են հատուկ «հանգիստ գոտիներով» հարկեր ու արոմաթերապեւտիկ միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում:

Crowne Plaza Hotels & Resorts-ը (Crowne Plaza հյուրանոցներ եւ հանգստյան տներ) աշխարհում պրեմիում դասի ամենախոշոր հյուրանոցային ապրանքանիշերից մեկն է, որն ընդգրկում է 404 հյուրանոց 63 երկրում:

Crowne Plaza Yerevan-ը կլինի այս ապրանքանիշի ներքո գործող վեցերորդ հյուրանոցը Ռուսաստանում, Վրաստանում եւ ԱՊՀ երկրներում:

Դիտում՝ 25340
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai