Երեւանում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին նվիրված սիմպոզիում

30.06.2016 | 18:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Կարիքավոր եւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու կարողությունների զարգացումը ՀՀ-ում» թեմայով սիմպոզիումը՝ ուղղված «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության իրականացրած «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի արդյունքների ու ձեռքբերումների քննարկմանը:

Սիմպոզիումը կազմակերպվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ, Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյձի Տագուչին, Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ Մարինա Պետրովիչը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, գլխավոր տնտեսագետ Ալեքսանդրա Փոսարակը եւ Սոցիալական բարեկեցության միջազգային խորհրդի նախկին նախագահ, ոլորտի առաջատար միջազգային փորձագետ Սոլվեյ Աշըմը:

Սիմպոզիումի ընթացքում ներկայացվել եւ ամփոփվել են «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի նպատակներն ու խնդիրները, ծրագրի բաղադրիչների շրջանակում իրականացված աշխատանքները եւ ձեռքբերումները, ինչպես նաեւ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց նշանակալի սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները:

«Ուրախ եմ, որ քննարկմանը մասնակցում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, հաշմանդամություն ունեցող անձինք: Մենք միասին կերտում ենք ճանապարհ դեպի սոցիալական ներառում, որը պահանջում է կամք, ներուժ, ժամանակ եւ ռեսուրսներ, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց  լիարժեք ապրել եւ ստեղծագործել»,- ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը՝ ողջունելով սիմպոզիումի մասնակիցներին:

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի ներկայացուցիչ,  «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի համակարգող Սոֆի Ներսիսյանն էլ մասնակիցներին փոխանցել է «Առաքելություն Հայաստան»-ի նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի գնահատանքի խոսքերն ու արգասաբեր աշխատանքի մաղթանքները:

«Մեր սիմպոզիումը հիանալի հնարավորություն է «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի արդյունքների իմաստավորման, ձեռքբերումների արժեւորման, մեր հաղթանակներով կիսվելու, ինչպես նաեւ հիմնախնդիրները քննարկելու համար»,- ասել է Սոֆի Ներսիսյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով նման ծրագրի նախաձեռնողներին, պետական եւ մասնավոր ոլորտների գործընկերներին, ծրագրի փորձագետներին, ինչպես նաեւ ծրագիրն իրականացրած մասնագիտական թիմին անձնվեր եւ  պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Ջեմմա Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին:   

«Հաշմանդամության ոլորտում սոցիալական քաղաքականության իրականացումը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է գերակա ուղղություն:  2016թ. ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: 2016թ. նախատեսվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունում,  նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Օրենքի ընդունումը ենթադրում է համապատասխան ենթաօրենսդրական ակտերում օրենքի դրույթների իրականացման հստակ մեխանիզմների սահմանում: Համոզված եմ, որ բոլոր իրականացված եւ իրականցվելիք  աշխատանքների շնորհիվ  է իրագործվելու հաշմանդամություն ունեցող անձանց  սոցիալական ներառման գործընթացը»,- ասել է նա:
   
Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Լորա Բելին էլ նշել է, որ այս բոլոր աջակցություններն իսկապես շոշափելի են, գնահատելու համար բավարար է խոսել հաշմանդամություն ունեցող անձի հետ:

«Այսօր իհարկե եւ՛ օրենքների բարելավման կարիք կա, եւ՛ ֆինանսական միջոցների հատկացման, սակայն ամենակարեւորը՝ այդ մարդկանց կարիքների գնահատման ու բավարարման նկատմամբ համակողմանի կառուցողական մոտեցումն է»,- ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյձի Տագուչին նշել է, որ Ճապոնիան կարեւոր է համարում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավումը հասարակության մեջ, հասարակական աշխատանքներում, ինչը  դրականորեն  է անդրադառնում տնտեսության ազատականության վրա:

«Կարիքավոր եւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու կարողությունների զարգացումը ՀՀ-ում» թեմայով սիմպոզիումին մասնակցել են պետական, մասնավոր, հասարակական ոլորտի, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկերներ, ծրագրի շահառուներ, ոլորտի փորձագետներ եւ հետազոտողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Դիտում՝ 13732
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai