Ծիրանի ցածր բերքի կանխատեսումները չեն իրականացել

22.06.2016 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Սպայկա» ընկերություն՝ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով:

«Չնայած եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի վաղ ակնկալում էինք ծիրանի ցածր բերք, սակայն այդ կանխատեսումները չիրականացան, եւ այս տարի, նախնական գնահատականներով` կունենանք ավելի քան 60 հազ. տոննա բերք»,- հայտարարել է նախարարը:

Համեմատության համար նշենք, որ 2015թ. Հայաստանում ծիրանի բերքը կազմել է 116 հազ. տոննա:

Նախարարի խոսքով` բնակլիմայական պայմաններից ելնելով՝ ծիրանի արտահանման աշխատանքներն այս տարի ավելի վաղ են սկսել: Օրական միջինում արտահանվում է շուրջ 600-800 տոննա ծիրան, եւ հունիսի 22-ի դրությամբ արդեն արտահանվել է  5675 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2710 տոննայի դիմաց:

Բացի այդ, Հայաստանից օրական արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս եւ արդեն արտահանվել է 2010 տոննա` նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց:

Սերգո Կարապետյանի խոսքով՝ այսօրվանից վերամշակող գործարաններում սկսել է նաեւ մթերման գործընթացը:

«Սպայկա» ՍՊԸ-ի «Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադեւոսյանն էլ ընդգծել է, որ այս տարի ծիրանն ավելի լավ ապրանքային տեսք ունի, եւ մթերման գործընթացը հաջող է ընթանում:

Համլետ Թադեւոսյանի խոսքով՝ ծիրանի մթերման գինն այս պահին 500 դրամ է: Ընկերությունը նախատեսում է կրկնապատկել ծիրանի ինչպես նախորդ տարվա մթերումների քանակը, այնպես էլ արտահանման ծավալները՝ հասցնելով 5000 տոննայի՝ նախորդ տարվա 2500 տոննայի դիմաց: Հետագայում կազմակերպվելու են նաեւ դեղձի, սալորի, խաղողի եւ այլ մրգերի մթերումներ:

Համլետ Թադեւոսյանը տեղեկացրել է, որ ընկերությունում գործարկվել է նոր արտադրամաս, որը գտնվում է փորձարկման փուլում: Արտադրամասում կվերամշակվեն մրգեր, կարտադրվեն հյութեր եւ կոմպոտներ` Ռուսաստան եւ  Եվրամիության երկրներ արտահանելու նպատակով:

Գյուղնախարարության տվյալների համաձայն՝ մինչ օրս արտահանվել է 63 700 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 76 700 տոննայի դիմաց: Նախարարի խոսքով՝ մինչեւ տարեվերջ  նախատեսվում է պահպանել այդ բարձր ցուցանիշը:

Դիտում՝ 3915
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai