Բանկերը գերշահույթ չեն ստացել, վստահեցնում է Հայաստանի բանկերի միությունը

06.06.2016 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) վստահեցրել են, որ առեւտրային բանկերը գերշահույթով չեն աշխատել:

Այս մասին ասված է ՀԲՄ տարածած հաղորդագրությունում՝ ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե ՀՀ առեւտրային բանկերը, մեծացնելով ավանդների եւ վարկերի տոկոսադրույքների միջեւ տարբերությունը (մարժա), ստացել են գերշահույթ:

«Ի՞նչ գերշահույթների մասին է խոսքը, եթե 2015թ. վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում կապիտալի եկամտաբերությունը (ROE) կազմել է ընդամենը 3.62%, իսկ ակտիվների եկամտաբերությունը (ROA)՝ 0.56%»,- ընդգծել են բանկերի միությունում:

Կառույցում նշել են, որ անցած տարի վնասով է աշխատել 6, իսկ  ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում՝ 5 առեւտրային բանկ, որոնք կազմում են ընդհանուր բանկային համակարգի շուրջ 25%-ը. այսինքն՝ բանկերի մեկ քառորդը վերջին 1.5 տարվա ընթացքում, ընդհանրապես, շահույթ չի ստացել:

Ինչ վերաբերում է բանկային մարժային, ապա, ՀԲՄ-ում նշել են, որ այն պետք է հաշվարկել վարկերի եւ ավանդների առանձին տեսակների համար, իսկ միջինացված ցուցանիշների համեմատությունը տվյալ դեպքում ճիշտ չէ եւ նման է «հիվանդանոցում միջին ջերմաստիճանի»:

ՀԲՄ-ում նշել են նաեւ, որ չնայած բանկային համակարգում օբյեկտիվ պատճառներով տեղի ունեցած ավանդների տոկոսադրույքների որոշակի անկմանը՝ այնուամենայնիվ, որոշ ավանդատեսակների գծով տեղի է ունեցել հակառակ միտումը:
 
«Մեկ տարուց ավելի ժամկետով իրավաբանական անձանց դոլարային ավանդների տոկոսադրույքներն էականորեն աճել են՝ այս տարվա ապրիլին կազմելով 10.4%` անցյալ տարեվերջի 6.4%-ի փոխարեն: Իսկ մինչեւ մեկ տարի եւ մեկ տարուց ավելի ժամկետով ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների տոկոսադրույքների անկումը եղել է աննշան՝ համապատասխանաբար 0.2% եւ 0.3%-ի չափով»,- ասված է հաղորդագրությունում:

Ֆիզանձանց մինչեւ մեկ տարի ժամկետով վարկերի տոկոսադրույքները, ըստ ՀՀ բանկերի միության, գրեթե չեն փոփոխվել. դրամով վարկերի տոկոսադրույքները գտնվել են նույն մակարդակի վրա (21.6%), իսկ դոլարայինները՝  աճել ընդամենը 0.2%-ով՝ 14%-ից դառնալով 14.2%:

«Ինչ վերաբերվում է մինչեւ մեկ տարի ժամկետով կորպորատիվ վարկերին, որոնք, այնուամենայնիվ, ոչ մի կապ չունեն բնակչության հետ, ապա դրամայինի դեպքում դրանք, իսկապես, ավելացել են 1.5%-ով, իսկ ահա դոլարով վարկերի տոկոսադրույքները նվազել են մինչեւ 1.4%-ով»,- նշել են ՀԲՄ-ում:

Մեկ տարուց ավելի ժամկետայնությամբ դրամային կորպորատիվ վարկերի տոկոսադրույքներն ավելացել են 0.6%-ով, իսկ դոլարով արտահայտված վարկերի տոկոսադրույքները՝ նվազել 0.5%-ով: Միաժամանակ, ֆիզանձանց դեպքում մեկ տարուց ավելի ժամկետով վարկերի տոկոսադրույքները նվազել են ինչպես դրամով (0.5%-ով), այնպես էլ արտարժույթով (0.8%-ով):

Հիփոթեքային վարկերը դրամով որոշակիորեն թանկացել են (12.3%-ից դառնալով 13%), իսկ դոլարով վարկերի դեպքում, ընդհակառակը, էժանացել (13.4%-ից՝ 13.2%):

Դիտում՝ 10183
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai