Պետությունը կխթանի կոոպերատիվների ստեղծումը, ասել է նախարարը

31.03.2016 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասել է, որ Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը խթանելու նպատակով պետական օժանդակության ծրագրերն իրականացնելիս այսուհետ նախապատվությունը տրվելու է կոոպերատիվներին:

Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին նախարարն ասել է Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Անդրադառնալով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագրի շրջանակում Արագածոտնում կատարված աշխատանքներին` նախարարը տեղեկացրել է, որ ՀԳՌԿՄ 1-ին ծրագրում ընդգրկված 12 համայնքներում ստեղծվել են կոոպերատիվներ:

Ընդգծելով կոոպերատիվների դերն ու նշանակությունը` նախարարը նշել է, որ 2015թ. վերջին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվել երկրում կոոպերացիայի զարգացման համար:

Մասնավորապես, ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի միջոցներով ընդամենը 20% համաֆինանսավորմամբ կոոպերատիվներին տրամադրվում է անհրաժեշտ գյուղտեխնիկա, ստեղծվելու են փոքր վերամշակվող արտադրամասեր, ինչը թույլ կտա կոոպերատիվների անդամներին շոշափելիորեն ավելացել իրենց եկամուտները:

Այնուհետ նախարարն ուղեւորվել է Նոր Ամանոս համայնք` ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի շրջանակում նոր ստեղծված սպառողական կոոպերատիվի գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով:

Սերգո Կարապետյանը նշել է, որ ներկայում պետությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսների միավորման եւ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը խթանելու ուղղությամբ: Նախարարը նաեւ հավելել է, որ կոոպերատիվների ձեւավորման գործում որպես հիմք ընդունվում է եվրոպական երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի հարուստ փորձը:

Նախարարի վերջին կանգառը Վերին Սասնաշեն համայնքում էր: Տեղի կոոպերատիվն այստեղ ստեղծվել է դեռեւս 2014թ. ապրիլին: Գյուղնախարարությունում նշում են, որ դրական արդյունքներն այստեղ արդեն նկատելի են:

Երկու տարվա գործունեության ընթացքում ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակում կոոպերատիվին տրամադրվել է 5 միավոր գյուղտեխնիկա, ջրարբիացվել են ավելի քան 5 կմ արոտներ, ավելացել է անասնագլխաքանակը եւ կաթնատվությունը:  

Դիտում՝ 2968
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai