ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ՀՀ-ում ստորերկրյա ջրերի խնդիրների լուծմանը

10.02.2016 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) նշել է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի պաշտոնական մեկնարկը:

ԱՄՆ դեսպանությունում նշել են, որ եռամյա այս ծրագիրը միտված է նվազեցնելու Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալները ու ապահովելու ռեսուրսների կայուն պահպանությունը:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ վերջերս իրականացվել էր Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրություն, որն ընդգծել էր ստորերկրյա ջրային պաշարների կրճատման հետ կապված մտահոգիչ իրավիճակը: Ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման եւ ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերից չկարգավորված ջրառի հետեւանքով Արարատի եւ Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք մնացել է առանց խմելու եւ ոռոգման ջրի:

Ջրի պակասությունը սպառնում է երկրի գյուղատնտեսական ոլորտին, նշված մարզերի սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական վիճակի վատթարացմանը, ինչպես նաեւ Մեծամորի ատոմակայանի անվտանգությանը:

Ծրագիրը լուծելու է ստորերկրյա ջրերին վերաբերող առկա տվյալների թարմացման, որոշումների կայացման գործիքների մշակման, համապատասխան կառույցների մասնագիտական կարողությունների հզորացման, ջրային եւ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաեւ իրավակիրարկման մեխանիզմներին առնչվող բացերի վերացման խնդիրները:

Ի թիվս այլ աշխատանքների, ծրագրի ընթացքում կիրականացվի Արարատյան դաշտում առկա հորերի եւ ջրաղբյուրների գույքագրում, կստեղծվի հանրության համար հասանելի տվյալների համակարգ, կտեղադրվի ջրառի ծավալի ավտոմատ վերահսկման համակարգ ընտրված 10 ձկնաբուծարաններում, եւ կփորձարկվեն ջրի եւ էներգիայի արդյունավետ օգտագործման նոր տեխնոլոգիաներ:

ՀՀ կառավարությանը կներկայացվեն առաջարկություններ ձկնաբուծության նպատակով ռեսուրսավճարի օպտիմալ դրույքաչափերի սահմանման, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվությունների տրման եւ վերահսկողության գործընթացների հզորացման նպատակով:      

Դիտում՝ 8610
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai