2015-ը տնտեսական առումով բարդ էր, ասել է Ճշմարիտյանը

03.02.2016 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ասել է, որ 2015թ. տնտեսական առումով բարդ տարի էր:

Այս մասին նա ասել է տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում:

Կարեն Ճշմարիտյանի գնահատմամբ՝ բարդությունը պայմանավորված է եղել մի շարք գործոններով, որոնց մաս են կազմում ռուսական շուկայի եւ արժույթի անկայուն վիճակը, միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկումը, տրանսֆերտների նվազումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամակցության սկզբնական շրջանում նոր իրավական միջավայրին տնտեսվարողների հարմարվելն ու սպասողական վիճակը:

Նշված գործոնները, ըստ նախարարի, բացասական ազդեցություն են գործել ՀՀ  տնտեսության, մասնավորապես՝ արդյունաբերության վրա, սակայն «անգամ այդ պայմաններում՝ 2015թ. հունվար-դեկտեմբերին,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ոլորտում 5.2% աճ է գրանցվել»:

«Դա պայմանավորված է նոր ընկերությունների գործարկմամբ՝ հանքարդյունաբերության, բժշկական սարքավորումների, գարեջրի, ջերմոցային տնտեսության ոլորտներում: Օրինակ՝ հանքագործական արդյունաբերության աճի տեմպը կազմել է 150.4%: Մշակող արդյունաբերության ենթաճյուղերից աճ է գրանցվել ծխախոտի, դեղագործական արտադրանքի, կահույքի, հագուստի եւ այլ ոլորտներում, որոնցում գրանցվել է նաեւ արտահանման աճ»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ աճին նպաստել է պետություն-մասնավոր հատված համակարգված աշխատանքը:

Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ չնայած համաշխարհային տնտեսության ոչ բարենպաստ զարգացումների բացասական ազդակներին՝ 2015թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 3.5% աճ, որի բացարձակ արժեքը կազմել է 3498.9 մլրդ դրամ կամ $7324.5 մլն: Համախառն առաջարկը ձեւավորվել է ի հաշիվ արտահանելի ճյուղերի:

Նախարարն անդրադարձել է նաեւ 2015թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 3.1% տնտեսական ակտիվության ցուցանիշին. «Սա վկայում է, որ վարվող տնտեսական քաղաքականությունն ի զորու է հաղթահարել արտաքին ռիսկերի ազդեցությունը, որոնք կարող էին բերել տնտեսական անկման»:

Էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ՝ տնտեսական ակտիվության նման ցուցանիշի արձանագրմանը նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը, բացի առեւտրաշրջանառությունից, որը նվազել էր 8%-ով:

«Այս ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված լինել արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ. 2015թ. հունվար-նոյեմբների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին մասնավոր տրանսֆերտները կրճատվել են 37.2%-ով, իսկ ՌԴ-ից ստացվածները՝ 43.4%-ով»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա վերաբերյալ տնտեսական կանխատեսումներին, ապա նախարարն ասել է, որ 2016-ն ավելի դրական է լինելու:

«Դա պայմանավորված է բավականին շատ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, որոնք նախատեսվել էին նախորդ տարիներին, բայց այս տարի են իրագործվելու»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը՝ կանխատեսելով ադամանդագործության, ոսկեգործության ու դեղագործության ոլորտների աճ:

Դիտում՝ 3852
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai