Հայաստանը զիջել է դիրքը Տնտեսական ազատության վարկանիշում

01.02.2016 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2016թ. տնտեսական ազատության ցուցիչը, որտեղ Հայաստանը 166 երկրների շարքում 54-րդն է: Հայաստանը 67 միավորով ընդգրկվել է «չափավոր ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում:

2015թ. զեկույցում Հայաստանը 67.1 միավորով 52-րդ հորիզոնականում էր:

Եվրոպական 43 երկրների շրջանում Հայաստանը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, ինչը համարվում է համաշխարհային եւ տարածաշրջանային միջինից բարձր ցուցանիշ:

«Տնտեսության էական դիվերսիֆիկացումը մեծացրել է տնտեսական դինամիզմը Հայաստանում: Բիզնես ընթացակարգերի պարզեցումը հեշտացրել է կարգավորումը: Վերջին տարիներին ընդլայնվող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում քայլեր են ձեռնարկվել՝ սահմանափակելու կառավարության ծախսերը հանրային ֆինանսների առավել շրջահայաց կառավարման միջոցով»,- ասված է զեկույցի՝ Հայաստանի մասով նկարագրության մեջ:

Զեկույցի հեղինակները Հայաստանի տնտեսության նկատելի հաջողությունների շարքում ներառել են ազատ շուկաները եւ հանրային ֆինանսների կառավարումը, իսկ մտահոգությունների թվում դասել սեփականության իրավունքի, կոռուպցիայի եւ աշխատանքի ազատության ոլորտում առկա խնդիրները:  

«Համատարած կոռուպցիան շարունակում է խորանալ Հայաստանի տնտեսության եւ տարածաշրջանային անվտանգության համատեքստում Ռուսաստանի շարունակական ազդեցությամբ: Հաղորդվում է, որ կաշառակերությունը տեղ է գտնում պաշտոնյաների շրջանում, որոնք հազվադեպ են հետապնդվում կամ հեռացվում պաշտոնից պաշտոնական դիրքի չարաշահման պատճառով»,- ասված է զեկույցում:

Տնտեսական ազատության 10 չափորոշիչներից 4-ում, որոնցից են, օրինակ, պետական  ծախսերի, բիզնես, աշխատանքային, ֆինանսական ազատությունները, Հայաստանն անկում է գրանցել: Մյուս 4 չափորոշիչների՝ դրամավարկային, ներդրումային, առեւտրային ազատությունների եւ կոռուպցիայից ազատության (Freedom from Corruption) տեսանկյունից Հայաստանը բարելավել է իր դիրքերը:

Ազատ տնտեսություն ունեցող երկրների եռյակը, ինչպես անցած տարի, գլխավորում են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Նոր Զելանդիան: Վրաստանը զբաղեցնում է 23-րդ, Ադրբեջանը՝ 91-րդ, Թուրքիան` 79-րդ, իսկ Ռուսաստանը՝ 153-րդ հորիզոնականը:

Դիտում՝ 10208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai