$5 մլն՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանը

20.11.2015 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մատենադարանում այսօր մեկնարկել է ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) եւ Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում մշակված «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագիրը:

Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

«Ցանկանում եմ հատուկ նշել Հայաստանի մշակութային ժառանգության դերը, որն անփոխարինելի տեղ է գրավում համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում եւ կարեւոր խթան է հանդիսանում Հայաստանում գերակայություն հռչակված զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման համար»,- ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն էլ նշել է, որ «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակն է, որ ՀՀ-ն քարտեզի վրա հայտնի դառնա որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային երկիր:

«Քառամյա ծրագրի արժեքը $5 մլն է, եւ այն կոչված է ոչ միայն խթանել Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացումը, այլեւ ընդլայնել մեր երկրի գյուղական համայնքների տնտեսական զարգացման հնարավորությունները՝ դրանով իսկ նպաստելով նաեւ ՀՀ տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը»,- ասել է դեսպանը:

Դիվանագետի խոսքով՝ զբոսաշրջությունից ստացվող եկամուտները լայնորեն տարածելու համար անհրաժեշտ է Երեւանից դուրս ձեւավորել տուրիստական վայրեր, ինչը գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար, կդրդի նրանց այցելել նաեւ մարզեր եւ ավելի շատ գումար ծախսել գյուղական համայնքներում:

Սմիթսոնյան ինստիտուտի Միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատու Հալի Բաթվինը պատահական չի համարել Մատենադարանում ծրագրի պաշտոնական մեկնարկի ազդարարումը: Նրա խոսքով՝ Մատենադարանն աշխարհի միջնադարյան ձեռագրերի եւ գրքերի ամենահարուստ հավաքածուների պահոցներից է:

Դիտում՝ 4127
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai