Մեկնարկել է ՄՌԿ տարածաշրջանային չորրորդ համաժողովը

13.11.2015 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան եւ «Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը կազմակերպել են ՄՌ տարածաշրջանային հերթական համաժողովը՝ «ՄՌ կառավարում եւ անձնային աճ» թեմայով:

Արդեն ավանդական դարձած համաժողովն այս տարի եւս համախմբել է ոլորտի՝ հայաստանցի եւ օտարերկրյա առաջատար մասնագետների, որոնք ներկայացրել են ՄՌ կառավարման տեխնիկաներին նվիրված ելույթներ եւ վարպետության դասընթացներ:
 
Համաժողովի աշխատանքներին աջակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում եւ «Զարտպրինտ» հրատարակչությունը:

«Համոզված եմ, որ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է, որ ցանկացած ընկերության ամենաարժեքավոր կապիտալն աշխատակիցն է եւ պատկերացնում է իր ուսերին դրված պատասխանատվության չափաբաժինը: Դուք եք այն օղակը, որն ընկերության բազմաշերտ կառուցվածքը դարձնում է մեկ մարմին: Կազմակերպության որդեգրած արժեհամակարգը եւ աշխատակիցների միջեւ կամրջվող հարաբերությունները, կադրերի զարգացումը, ներքին շփումները, աշխատակցի հմտություններն ու գիտելիքները բացահայտելու, կատարելագործելու հաջողությունը մեծապես կախված են այն օղակի գործունեությունից, որն անվանում ենք ՄՌ բաժին: Այսօրինակ հանդիպումները կարեւոր են՝ ցանկացած կազմակերպության ներսում առողջ մթնոլորտ, կադրերի զարգացում, արտաքին մրցակցություն ապահովելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համաժողովի կարեւոր նվաճումներից է միջազգային առաջատար քոուչինգ դպրոցներից մեկի՝ «Էրիկսըն Քոոուչինգ Ինթերնեյշնըլի» (Erickson Coaching International) ներկայացումը Հայաստանում: Համաժողովի շրջանակում դպրոցի առաջատար մասնագետներից մեկն անցկացրել է վարպետության դասընթացներ՝ քոուչինգը ներկայացնելով գործնականում:

«Քոուչինգը ՄՌ մասնագետներին եւ տարբեր օղակի ղեկավարներին հնարավորություն է տալիս տիրապետելու աշխատողների ներուժի զարգացման, ներքին ռեսուրսների բացահայտման, նրանց անձնային եւ մասնագիտական արդյունավետ նպատակադրման գործիքներին»,- ասել է Հայաստանյան ՄՌ ասոցիացիայի եւ «Կասկադ Քնսալթընթս» ընկերության գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը:

Հայաստանի ՄՌ ասոցիացիայի եւ «Կասկադ Քնսալթընթս» ընկերության ջանքերով համաժողովը հայ մասնագետների համար պրոֆեսիոնալ քոուչի միջազգային սերտիֆիկացում ստանալու հնարավորություն է ստեղծել:

«Հայկական ՄՌ համայնքը հիանալի հարթակ է հետագա աճի եւ զարգացման համար, իսկ համագործակցությունը միջազգային որակավորում ապահովողող կազմակերպությունների հետ կմեծացնի մասնագետների հնարավորությունները՝ դարձնելով նրանց ավելի մրցունակ տեղական եւ միջազգային շուկայում»,- ասել է «Էրիկսըն Քոոուչինգ Ինթերնեյշնըլի» (Erickson Coaching International)-ի առաջատար մասնագետ Սիլվիա Վիոլան:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել է նաեւ երկխոսություն՝ ուսուցման դուալ համակարգի ներդրման հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ:

«Դուալ ուսուցման համակարգը ենթադրում է սերտ համագործակցություն մասնավոր ընկերությունների եւ ուսուցում իրականացնողների միջեւ, քանի որ մասնագետների ուսուցման ծրագրերի 70%-ի մատուցումը եւ իրականացումը աշխատանքի վայրում է, իսկ մյուս 30%-ը՝ ուսումնական հաստատությունում: Այսպիսով երաշխավորվում է ուսումնական ծրագրի ավարտին գործնական կարողություններով զինված, կոմպետենտ եւ աշխատանքին պատրաստ մասնագետների առկայությունը: Սակայն այս համակարգի ներդրումը կպահանջի Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունների շրջանում բիզնես հաջողությունների հասնելու գործում մարդկային կապիտալի կարեւորության գիտակցում, մարդկային ռեսուրսների զարգացման մեջ ներդրումների իրականացում: Դրան հնարավոր է հասնել մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարումը եւ մարդկային ռեսուրսների դերակատարումը ընկերություններում ամրապնդելու, ուժեղացնելու միջոցով»,- ասել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Գայանե Սերոբյանը:

Համաժողովի մյուս ձեռքբերումը եղել է Institute of Certified Professional Managers-ի կողմից իրականացվող «Սերտիֆիկացված մենեջեր» (Certified Manager) միջազգային որակավորման ներկայացումը Հայաստանում: Որակավորումը միջին օղակի մենեջերներին հնարավորություն կտա տիրապետելու միջազգային չափորոշիչներին համապատասխան կառավարման համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների:

Դիտում՝ 9562
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai