ՀԾԿՀ-ն հրավեր կուղարկի 5 աուդիտորների

27.07.2015 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման հրավեր է ուղարկելու հինգ խոշոր ընկերությունների:

Ինչպես հաղորդում է ՀԾԿՀ պաշտոնական կայքը, համապատասխան որոշումն ընդունվել է հանձնաժողովի այսօրվա նիստում:

Ըստ ՀԾԿՀ-ի՝ աուդիտորական ընկերություններին հրավերի ուղարկումը պայմանավորված է հունիսի 27-ին ՀՀ տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ նախագահի հայտարարությամբ, ըստ որի՝ պետք է բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառել էլեկտրաէներգետիկական համակարգում 2015թ. սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները:

Աուդիտորական ընկերությունների կողմից առաջարկների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 3-օրյա ժամկետում արդյունքները պետք է ամփոփվեն եւ ներկայացվեն ՀՀ կառավարության աշխատակազմ:

Էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման հիմնական նպատակներ են, ստանալ հիմնավորված պատասխաններ հետեւյալ երկու կարեւորագույն հարցերի վերաբերյալ.
 
ա) Ինչքանով էր հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը,

բ) Սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:

ՀԾԿՀ-ում նշել են, որ խորհդատուն նախ պետք է իրականացնի էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչեւ սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաեւ՝ շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում եւ ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետեւանքների գնահատում:

Այնուհետ խորհրդատուն իրականացնելու է սակագների նվազեցումների որոշ տարբերակների խորքային դիտարկումը՝ համեմատելով միջազգային եւ տարածաշրջանային համապատասխան գործելակերպերը եւ առաջարկելով կարճ ժամանակահատվածում առավել մեծ ազդեցություն ունեցող առաջնահերթ գործողությունների ցանկ։

«Վերը նշված երկու փուլերի ավարտից հետո, հաշվի առնելով 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ քննարկումների զարգացումը եւ այդ խորհրդատվության արդյունքները կապակցելու անհրաժեշտությունը, հնարավոր է, որ խորհդատուն ներգրավվի երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի հետագա մշակման եւ դրա շուրջ խորհրդատվության տրամադրման աշխատանքներում»,- ասված է ՀԾԿՀ հաղորդագրությունում:

ՀԷՑ-ում նախատեսված աուդիտի մասին կարող եք կարդալ մեր նյութում, իսկ Հայաստանի աուդիտի շուկայի լավագույն տասնյակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 3423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai