Վարչապետ. Նվնվոցով եւ հոռետեսությամբ տնտեսություն չեն վերականգնում

30.06.2015 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ իր համար անընդունելի է բոլոր խնդիրներն ու պրոբլեմներն ուրիշների վրա բարդելու, «մեր չարածը, մեր բացթողումները միջազգային միտումներով արդարացնելու գործելաոճը»:

Այս մասին վարչապետն ասել է Երեւանում «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովի բացմանը:

«Տարածաշրջանային զարգացումները, նավթի եւ հումքային ապրանքների միջազգային շուկայի անկայունությունը եւ բազմաթիվ այլ գործոններ օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Նա ընդգծել է, որ վերջին շրջանում կառավարության գործունեության եւ, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում:

«Առաջին՝ հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծում եւ տարածում: Երկրորդ՝ բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյուկտուրայի, նավթի գների եւ այլ, մեզանից չկախված հանգամանքների վրա բարդելու միտումը»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ իր համար վերոնշյալ երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են:

«Անդադար նվնվոցով եւ հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, եւ Հայաստանը բացառություն չի կարող լինել: Այն մարդկանց հետ, որոնք աշխատասենյակներում, մամուլի էջերում եւ սրճարաններում առավոտից երեկո զբաղված են դրանով, ես եւ կառավարությունն իսկապես չենք կարող ճանապարհ անցնել եւ չունենք աշխատանքի ընդհանուր դաշտ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ինքը լրջությամբ եւ հարգանքով է վերաբերվում ցանկացած, «անգամ շատ սուր քննադատության, որը կլինի հիմնավորված ու փաստարկված»:
 
«Ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, խիստ կարեւոր է պետության քաղաքականության, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը: Եվ ես չգիտեմ հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է: Առճակատումներով եւ առավելագույն պահանջներով, որքանով էլ ցանկալի լինի նպատակը, վստահության պաշար ձեռք չես բերի»,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 2496
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai