Պրոմեթեյ Բանկում կմեկնարկի ուսանողների վերապատրաստման ծրագիրը

04.05.2015 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունիսի 15-ից Պրոմեթեյ Բանկում կմեկնարկի «Պրոմեթեյ Պրոգրես 3» մասնագիտական վերապատրաստման ծրագիրը, որը կշարունակվի մինչեւ ս.թ. օգոստոսի 14-ը:

Ինչպես Banks.am-ին  հայտնել է Պրոմեթեյ Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Տաթեւիկ Ջանոյանը, ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել նորավարտ ուսանողներին՝ ծանոթանալու ՀՀ բանկային համակարգին, ձեռք բերելու գործնական գիտելիքներ, հմտություններ եւ փորձ:

«Պրոմեթեյ Պրոգրես 3» ծրագրին կարող են դիմել ՀՊՏՀ-ի, ԵՊՀ-ի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի, Հայ-ռուսական Սլավոնական Համալսարանի տնտեսագիտության եւ մենեջմենթի ֆակուլտետի, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ֆինանսների եւ կառավարման ֆակուլտետի, ինչպես նաեւ Ֆինանսաբանկային քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող 2015թ. շրջանավարտները:

Ընտրության առաջին փուլում դիմորդներից կընտրվեն ուսման ընթացքում բարձր միջին գնահատական ունեցող շրջանավարտները, իսկ հաջորդ փուլում դիմորդները բանկում կանցնեն մաթեմատիկական, տրամաբանական, տնտեսագիտության եւ ֆինանսների բնագավառում գիտելիքները ստուգող թեստավորում: Արդյունքում դիմորդներից կընտրվեն 15-ը, որոնք կմասնակցեն «Պրոմեթեյ Պրոգրես 3» ծրագրին:

Պրակտիկայի ընթացքում ծրագրի ղեկավարների տրված գնահատականներով, ավարտական թեստավորման արդյունքներով բարձր միավորներ ունեցող մասնակիցները հնարավորություն կունենան ընդգրկվել բանկի կադրային ռեզերվում եւ բանկում թափուր աշխատատեղեր լինելու դեպքում հնարավորություն ստանալ աշխատանքի անցնելու: Բոլոր մասնակիցները կստանան ծրագրի ավարտական վկայականներ:

Տաթեւիկ Ջանոյանի խոսքով՝ «Պրոմեթեյ Պրոգրես» ծրագիրը բխում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, որի անբաժանելի մասն է երիտասարդ սերնդի կրթական, գիտական եւ մշակութային ձեռքբերումների սատարումն ու խրախուսումը: Ըստ նրա՝ «Պրոմեթեյ Պրոգրես» 1 եւ 2 ծրագրերի շրջանավարտներից 10-ն արդեն իսկ աշխատում են Պրոմեթեյ Բանկում:

Ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. հունիսի 10-ը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ մասնակիցներին ներկայացվող պահանջներն ու այլ մանրամասները ներկայացված են այստեղ:

Դիտում՝ 7404
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai