«Հայաստանի զարգացման հիմնադրամը» զբոսաշրջության աճ է ակնկալում

26.03.2015 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի զարգացման հիմնադրամի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանն այսօր ասել է, որ այս տարի ակնկալվում է զբոսաշրջության աճ:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ մասնավորապես՝ Իսպանիայից եկող զբոսաշրջիկների թիվը կավելանա 5-7%-ով, Գերմանիայից եկողներինը՝ 18%-ով, իսկ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներինը՝ 23%-ով:

Նա զբոսաշրջության սպասվող աճը պայմանավորել է միջազգային երեք զբոսաշրջային ցուցահանդեսներով:  

Արման Խաչատրյանի խոսքով՝ դրական զարգացումներ են սպասվում նաեւ հիմնադրամի գործունեության թիրախ համարվող արտահանման եւ ներդրումների ոլորտում: Մասնավորապես՝ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում Հայաստանի՝ Սան Ֆրանցիսկոյում կայացած ցուցահանդեսի մասնակցության արդյունքում ունեցած պայմանավորվածությունների եւ գործարար կապերի հաստատմամբ ոլորտում այս տարի կդիտվի 25% արտահանման աճ:

«Արտահանման աճ կդիտվի նաեւ գյուղմթերքի եւ սննդի բնագավառում: Տարբեր ցուցահանդեսների եւ գործարար կապերի արդյունքում նախատեսվում է խոշոր կազմակերպությունների համար արտահանման 10% եւ փոքր ընկերությունների համար՝ 30% աճ: Գերմանիայում կայացած գինեգործության ցուցահանդեսի մասնակցության եւ կապերի հաստատման արդյունքում նախատեսվում է 5-7% արտահանման ծավալի աճ: Իսկ տեքստիլի եւ նորաձեւության ոլորտում ունեցած գործարար կապերի շնորհիվ առաջիկա 1-3 տարիների ընթացքում սպասվում է մոտ $3 մլն-ի արտահանման ծավալի աճ»,- ասել է նա:

Ներդրումային ծրագրերից Արման Խաչատրյանն առանձնացրել է շվեյցարական դեղագործական ընկերության հետ €10-15 մլն արժողությամբ եռամյա ծրագիրը:

Անդրադառնալով ներդրումների ու արտահանման ծավալի կրճատման խնդիրներին՝ նա նշել է, որ դրա համար օբյեկտիվ պատճառ է արտահանման մեծագույն շուկաներից մեկի՝ Ռուսաստանի շուկայի կառուցվածքի, ինչպես նաեւ սպառման, տնտեսվարողների գործունեության, վարքագծի փոփոխությունը:

«Դրանք ուղղակիորեն ազդում են մեր տնտեսության վրա: Անցումային փուլն իր ազդեցությունն ունեցավ մեր տնտեսվարողների եւ սպառողների վարքագծի վրա:  

Կարծում եմ, հիմա մտնում ենք կայունացման փուլ, որը տարեվերջին կբերի շատ ավելի դրական միտումների»,- ասել է նա:

Արման Խաչատրյանը նշել է, որ հիմնադրամը ներկայում ունի ներդրումային  մի քանի մեծամասշտաբ ծրագիր, որոնք կներկայացնի առաջիկայում:

Դիտում՝ 2384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai