ՎՏԲ-Հայաստան Բանկը համաֆինանսավորել է Green House համալիրի կառուցումը

23.03.2015 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Ամերիաբանկի հետ համատեղ, ֆինանսավորել է Green House ժամանակակից էներգախնայող ջերմոցային համալիրի կառուցումը, որի բացումը տեղի է ունեցել մարտի 21-ին ՀՀ Արարատի մարզի Շահումյան գյուղում:

Բացման hանդիսավոր արարարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները, Իտալիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, երկրի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ:

Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային համալիրի կառուցումը մեկնարկել է 2014թ. օգոստոսին: 30 հա տարածքով համալիրն առայժմ զբաղվում է միայն բողկի արտադրությամբ: Նախագծի իրականացմանը նպաստում են մեղմ  կլիմայական պայմանները, ձմռանը բանջարեղենի աճեցման հնարավորությունը` առանց թանկարժեք սարքավորումների օգնությամբ արհեստական լուսավորման: Առաջիկայում նախատեսվում է տարածքն ավելացնել եւս 20 հա-ով:

Ջերմոցային տնտեսության շահագործման արդյունքում Շահումյան գյուղում, ինչպես նաեւ Արարատի մարզի այլ գյուղերում բացվել են նոր աշխատատեղեր:  Ներկա դրությամբ արտադրական գործընթացում ներգրավված է ավելի քան 70 մարդ:

Green House ընկերության տնօրեն Տիգրան Բայրամյանը Banks.am-ին ասել է, որ ջերմատունը տարեկան արտադրելու է 9 հազ. տոննա բողկ, որն ամբողջությամբ արտահանելու է Ռուսաստան եւ Եվրամիության երկրներ: Նրա փոխանցմամբ՝ ընկերությունը լայնորեն համագործակցելու է Նիդեռլանդների հետ, որը Եվրոպայում բողկի հիմնական մատակարարն է, սակայն հայկական արեւի ու ջրի շնորհիվ հնարավորություն կունենան բոլորովին այլ որակի ու համի արտադրանք համտեսել:

«Հայ սպառողը եւս անմասն չի մնա Green House ջերմոցային համալիրի արտադրանքից, այն ներքին շուկայում նույնպես նախատեսվում է վաճառքի հանել»,- նշել է Տիգրան Բայրամյանը:

Ջերմատան կառուցումը կարեւորել է նաեւ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ նշելով, որ որ Հայաստանի պես սակավահող երկրների համար յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի բարձր արդյունավետությամբ օգտագործումը գերակա խնդիր է: Նրա փոխանցմամբ՝ «էներգախնայող նման ջերմոցային համալիր ունենալու համար կատարվել է ավելի քան $15 մլն-ի ներդրում, որն ամբողջությամբ ֆինանսավորել են ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Ամերիաբանկը»:

«Բացի բարենպաստ բնակլիմայական պայմաններից՝ Հայաստանում կան նաեւ բազմամյա հարուստ փորձ, ավանդույթներ ու մասնագիտական ներուժ, որն անհրաժեշտ պայման է ոլորտի զարգացման համար: Ոչ պակաս կարեւոր է այն, որ մեր ջերմոցային արտադրանքն իր որակով ու համային հատկանիշներով վաղուց արդեն հայտնի է աշխարհում  ու մեծ պահանջարկ է վայելում»,- ընդգծել է նախարարը:

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւն էլ կարծում է, որ Հայաստանը գրավիչ ներդրումային հարթակ է գյուղարդյունաբերական նախագծերի իրականացման համար, քանի որ գոյություն ունեն կառավարության նախաձեռնած ծրագրեր, որոնք մասնավորապես ազատում են սարքավորումների ու ջերմոցային կոնստրուկցիաների ներկրման մաքսատուրքից:


«Համալիրի բացումը կնպաստի ոչ միայն երկրի ջերմոցային ոլորտի զարգացմանը, այլեւ շրջանի բնակչության զբաղվածությանը: Մեր բանկն ունի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման լավ փորձ, հուսով ենք, որ նմանատիպ նախագծերն այսուհետ շատ կլինեն»,- ընդգծել է Յուրի  Գուսեւը:

«Նախ եւ առաջ բանկերին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար, որոնք հավատացին այս նախագծի ներուժին ու կատարեցին ֆինանսավորումը: Առանց նրանց անհնար կլիներ այս ամենն իրականություն դարձնել»,- իր հերթին նշել է «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:

Դիտում՝ 13779
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai