Երեւանում կգործի «Ռեդիսոն Բլյու Հոթել» հյուրանոցը

26.02.2015 | 18:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի եւ «Գոլդեն Փելես»  հյուրանոցի միջեւ այսօր ստորագրվել է միջազգային կառավարման պայմանագիր:

Փաստաթուղթը ստորագրել են «Գոլդեն Փելես»  հյուրանոցի գլխավոր տնօրեն Կարեն Ջանոյանը եւ «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի բիզնեսի զարգացման մասով առաջին փոխնախագահ Արիլդ Հովլանդը:

Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, «Գոլդեն Փելես»  հյուրանոցի սեփականատեր Արտաշես Ավետիսյանը, էկոնոմիկայի նախարարության, «Կարլսոն Ռեզիդոր»-ի եւ «Գոլդեն Փելես»-ի ներկայացուցիչներ:
 
Կարեն Ճշմարիտյանը ողջունել է  «Կարլսոն Ռեզիդորի» մուտքը Հայաստան եւ նշել, որ այն կխթանի միջազգային այլ հեղինակավոր հյուրանոցային խմբերի  հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաեւ կնպաստի երկրում հյուրանոցային արդյունաբերության եւ ընդհանրապես զբոսաշրջության զարգացմանը:

«Նման հյուրանոցային ցանցերի ավելացումը Հայաստանի զբոսաշրջային ոլորտի համար կարեւորագույն իրադարձություններից է, որովհետեւ սա ընդգծում է եւս մեկ անգամ Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային զբոսաշրջային շուկայում, եւ ընդհանրապես` համաշխարահային զբոսաշրջային քարտեզի վրա Հայաստանի դիրքերի ուժեղացման ազդակ է», - ընդգծել է նախարարը:

«Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի բիզնեսի զարգացման գծով առաջին փոխնախագահ Արիլդ Հովլանդը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որն ունի ահռելի պատմություն, հայտնի է մշակութային բազմաթիվ վայրերով, հուշարձաններով եւ անչափ հետաքրքիր է:

Հիշեցնենք, որ «Կարլսոն Ռեզիդորը» աշխարհում ամենամեծ եւ ամենաարագ զարգացող հյուրանոցային խմբերից մեկն է, որը ներկա է 105 երկրներում՝ գործող եւ կառուցվող ավելի քան 1350 հյուրանոցներով եւ 180 000 հյուրասենյակներով: «Կարլսոն Ռեզիորի» պորտֆելը ներառում է մի շարք հզոր համաշխարհային ապրանքանիշեր. Quorvus Collection, Radisson Blu, Radisson, Radisson Red, Park Plaza, Park Inn by Radisson եւ Country Inns & Suites By CarlsonSM: Խումբն ունի 88 000 աշխատակից, իսկ գլխամասային գրասենյակները գտնվում են Մինեապոլիսում (ԱՄՆ) եւ Բրյուսելում (Բելգիա):

Դիտում՝ 6712
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai