Ներկայացվել է բնակարանային ֆինանսավորման «Ջերմ օջախ» բրենդը

29.01.2015 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի «Ջերմ օջախ» բրենդը:

«Այսուհետ 2014թ. ապրիլին մեկնարկած ծրագիրը կշրջանառվի «Ջերմ օջախ» անվամբ՝ արտացոլելով իր հիմնական նպատակը, այն է՝ ստեղծել հարմարավետություն եւ ջերմություն յուրաքանչյուր հայկական օջախում: Հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով մշակվել է նաեւ «Ջերմ օջախ» ծրագրի լոգոն:

«Ջերմ օջախ» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, բարելավել կենսապայմանները, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ինչպես նաեւ խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում»,- ասված է տարածած հաղորդագրությունում:

Ծրագրի շրջանակում տրամադրվում է երկու վարկատեսակ՝ միկրո կամ փոքր վերանորոգման վարկեր (500- 4,000 եվրոյին համարժեք դրամ) եւ միջին էներգախնայող վարկեր (4,001- 10,000 եվրոյին համարժեք դրամ)՝ 11%-14% տոկոսադրույքով, 6 ամսից մինչեւ 2 տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով եւ 5-10% դրամաշնորհ ստանալու հնարավորությամբ՝ կախված էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծախսերի ընդհանուր գումարից եւ ստացված էներգախնայողության աստիճանից:

Ծրագրի տեխնիկական աջակցությունն իրականացնում է ավստրիական «Կոմունալկրեդիտ փաբլիք քոնսալթինգ» (KPC) ընկերությունը՝ գերմանական «ՄիկրոԷներջի ինտերնեյշնլ» (MEI) ընկերության եւ հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի հետ համատեղ:

«Ջերմ օջախ» ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության (Agence Française de Développement) ֆինանսավորմամբ:

Տեխնիկական աջակցության ֆինանսավորումը տրամադրել է Եվրոպական հարեւանության ներդրումային հաստատությունը (EU Neighbourhood Investment Facility):

Դիտում՝ 9309
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai