Կապիտալի համալրման մասին ԿԲ որոշումը շոկային էր. տնտեսագետ

29.01.2015 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն այսօր «Դոլարի փոխարժեքը եւ ֆինանսական կայունությունը Հայաստանում» թեմայով հրավիրված քննարկմանն ասել է, որ 2017թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը բարձրացնելու ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) որոշումը շոկային էր եւ ռազմավարական մեծ ռիսկեր է պարունակում:

«ԱՄՆ-ում, օրինակ, ֆինանսական ճգնաժամի ժամանակ հիմնականում խոշոր բանկերը հայտնվեցին սնանկ վիճակում, իսկ տարածաշրջանային բանկերը հաղթահարեցին այդ ստեղծված իրավիճակը: Ստիպելով բանկերին խոշորանալ՝ ԿԲ-ն ապագա հնարավոր ֆինանսական ճգնաժամի դեպքում մեծ ռիսկի տակ է դնում ՀՀ ֆինանսական համակարգը»,- ասել է տնտեսագետը:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը եւս մտահոգություն է հայտնում այս որոշման կապակցությամբ:

«Հարց է առաջանում՝ բանկերը որքանով են ծառայելու տնտեսության իրական հատվածի զարգացմանը»,- ասել է տնտեսագետը՝ հավելելով, որ «գործող բանկերի մեծ մասը կամ բոլորը կապիտալի չափերն ավելացնելու հնարավորություն ունեն»:

Հարցին, թե որն է երաշխիքը, որ որոշումը կնպաստի բանկերի արդյունավետ գործունեությանն ու մրցակցության բարձրացմանը, Աշոտ Խուրշուդյանը պատասխանել է. «Խոշորացման արդյունքում կնվազեն վարչական ծախսերը, բայց մրցակցությունը չի ավելանա: Տպավորություն է, որ կառավարումը մեծացնելու համար ԿԲ-ն ուզում է քիչ գործող անձինք լինեն համակարգում: Եթե ԿԲ-ն այդչափ վերահսկողություն է ուզում սահմանել, ապա վերածվելու է ողջ բանկային համակարգի կառավարչի, ինչը վտանգավոր եւ զարգացման չտանող մոդել է»:

«Կարելի է ենթադրել, որ որոշման հիմնական նպատակը ֆինանսական համակարգի կայունությունն ու կառավարելիությունն է: Որքանով դա իրականություն կդառնա՝ կախված է ոչ միայն Կենտրոնական բանկից, այլեւ ամբողջ տնտեսական համակարգից»,- հավելել է Թաթուլ Մանասերյանը:

Դիտում՝ 4608
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai