Մենաշնորհացումը ահագնանում է, ասել է Քոչարյանը

23.01.2015 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունում իրադրությունը լավատեսության տեղ չի թողնում:

Այս մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է 2rd.am-ին տված հարցազրույցում` մեկնաբանելով ազգային արժույթի դեկտեմբերյան արժեզրկումը եւ տնտեսական իրավիճակն ընդհանուր առմամբ:

«Բնական է, արտաքին գործոնները նշանակություն ունեն, բայց անցած տարվա դեկտեմբերին դրանք ոչ թե մեր տնտեսության հիվանդանալու պատճառ դարձան, այլ ի ցույց դրեցին արդեն առկա հիվանդությունները: Դրամի եւ ռուսական ռուբլու վարքի այդպիսի հարաբերականություն չպետք է լիներ: Սակայն, մեզանում գերիշխող տրամադրությունների եւ բացասական սպասումների պարագայում փոխարժեքի տատանումների վրա նույնիսկ աննշան սպեկուլյացիաները կարող են մարդկանց խուճապային վարքի պատճառ դառնալ եւ որոշիչ դերակատարություն ունենալ, նույնիսկ՝ թվացյալ ֆինանսական կայունության պարագայում:

Ֆորմալ տեսանկյունից՝ դրամի փոխարժեքի կայունության պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որն այդ օրերին կայունացմանն ուղղված որոշակի ջանքեր էր գործադրում՝ իր լիազորությունների շրջանակում: Բայց դեկտեմբերյան իրավիճակում դա ակնհայտորեն բավարար չէր: Իշխանության բոլոր ինստիտուտների հրատապ եւ համակարգված գործողություններ էին անհրաժեշտ, ազդեցության բոլոր՝ մոնետարային, ֆիսկալ եւ վարչական գործիքների կիրառմամբ: Դատելով արդյունքներից, այդ գործողությունները ուշացած ու թերի են եղել»,- հայտարարել է Հայաստանի նախկին նախագահը:

Նա նշել է, որ «դրամի փոխարժեքն արտացոլում է երկրի տնտեսության եւ վճարային հաշվեկշռի ընդհանուր վիճակը»:

«Դրանց վատթարացումը էժանացնելու է դրամը, բարելավումը՝ ամրապնդելու է այն: Դրամը չի կարող ապրել իր սեփական կյանքով՝ ընդհանուր տնտեսությունից կտրված: Ամեն դեպքում, փոխարժեքի կտրուկ տատանումներն անթույլատրելի են. դրանք վտանգում են երկրի ֆինանսական համակարգը, խաթարում վստահությունը ազգային արժույթի նկատմամբ եւ պակասեցնում մեր քաղաքացիների գրպանի պարունակությունը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա հայտարարել է, որ «Moody's գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի նվազեցումը էլ ավելի կթանկացնի արտաքին փոխառությունները, առավել եւս՝ մեծ արտաքին պարտքի պարագայում»:

«Միջնաժամկետ ապագայում ԵՏՄ տնտեսությունը լինելու է ռեցեսիայի մեջ, այնպես որ շատ դժվար է լինելու այնտեղ որեւէ նշանակալի դերակատարում ստանձնել: Խիստ արժեզրկված ռուբլին լրջորեն կփոխի Ռուսաստանի հետ առեւտրի կառուցվածքը՝ ոչ հօգուտ մեր ապրանքների: Ռուսաստանից լուրջ ներդրումների հավանականությունը ցածր է. պատժամիջոցների պատճառով իրենք իսկ խնդիր ունեն արեւմտյան վարկերի վերաֆինանսավորման հետ: Արեւմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք: Պարզ չէ, թե ինչ է կատարվելու մեր եւ Իրանի միջեւ առեւտրի ծավալների հետ: Գունավոր մետաղների համաշխարհային գներն, ըստ կանխատեսումների, չեն աճելու, այլ՝ թերեւս հակառակը: ՀՀ բանկերի համար նորմատիվների վերջերս կիրառված խստացումը կբերի փոխառվող գումարների թանկացման, իսկ դա նշանակում է, որ բիզնեսի վարկավորումն էլ կթանկանա: Տնտեսության մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով ստեղծված իրավիճակից ելքերի վերաբերյալ հարցին՝ նախկին նախագահը հայտարարել է.

«Առաջին հերթին, իշխանությունները պետք է ընդունեն հիմնարար խնդիրների գոյությունը եւ անկեղծ երկխոսության տրամադրվել հասարակության ու բիզնեսի հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի եւ ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին: Իշխանության բոլոր գործողությունների հաջողության կարեւորագույն պայմանը վստահությունն է, որն այսօր գործնականում բացակայում է: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Չէի ուզենա հերթով թվարկել բոլոր ակնհայտ ու անհրաժեշտ քայլերը: Հայաստանում եւ կոնկրետ՝ կառավարությունում, իմ կարծիքով, քիչ չեն այն մարդիկ, որոնք առնվազն հասկանում են, թե ինչ է պետք անել առաջին հերթին: Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատեւ շահերի հետ»:

Դիտում՝ 6580
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai