2014թ. Անելիք Բանկի շահույթը կազմել է 335 մլն դրամ

19.01.2015 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. Անելիք Բանկի շահույթը (հարկված) կազմել է 335 մլն դրամ:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը՝ նկատելով, որ նախորդ երկու տարիներին վնաս արձանագրած բանկի համար «աճը ներուժի վերականգնման լավագույն ապացույցն է»:

Նրա փոխանցմամբ՝ անցած տարվա ընթացում գրեթե բոլոր ցուցանիշներով բանկը կայուն աճ է արձանագրել, էապես փոխվել են սպառողական վարկային առաջարկները, ֆիզիկական անձանց սպասարկման տարբեր ոլորտներում եղել է կայուն առաջխաղացում:

2014թ. 12 ամսվա տվյալներով՝ բանկի ակտիվներն աճել են 44.9%-ով՝ 60 մլրդ դրամից հասնելով 87 մլրդ-ի, պարտավորությունները 54.6%-ով՝ 49.6 մլրդ դրամից դառնալով 72.6 մլրդ: Անցած տարի շուրջ 50%-ով աճել է վարկային պորտֆելը՝ 38.5 մլրդ դրամից հասնելով 58.6 մլրդ դրամի:

«Այս ձեռքբերումներին հնարավոր է եղել հասնել բազմաբնույթ  ուսումնասիրությունների արդյունքում: Պարբերաբար իրականացվել է հաճախորդների պահանջմունքների մշտադիտարկում, եւ մշակվել են դրանց համապատասխան բանկային պրոդուկտներ»,- ասել է Ներսես Կարամանուկյանը:

Բանկի վարչության նախագահը նշել է, որ հաճախորդներն այսօր հնարավորություն ունեն փոխանցումներ կատարել եւ վճարումներ ստանալ միջազգային դրամական Unistream, Anelik, Sigue, Money Transfers, Avers, Tandem, Intel Express եւ  MoneyGram համակարգերով, ընտրել իրենց ֆինանսական կարիքներին համապատասխան բանկային պրոդուկտներ:

«Անցած տարի մեր ներգրավված միջոցներն ավելացել են մոտ 50%-ի չափով, կարծում եմ, այս տարի էլ առնվազն նույն ծավալով աճ պետք է ունենանք, որպեսզի կայուն եւ դինամիկ զարգացումն ապահովենք: Այս տարի եւս շահույթը ծրագրվել է մեծ ծավալով, որը շատ ավելի մեծ կլինի, քան 335 մլն դրամը»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահը:

Նա նաեւ նշել է, որ առաջիկա տարիներին բոլոր մասնաճյուղերը հաճախորդների սպասարկման համար ավելի մատչելի եւ ընդունելի տեսքի են ստանալու, ընթացիկ տարում ծրագրվում է նոր մասնաճյուղեր բացել Երեւանի խիտ բնակեցված տարածքներում:

Ներսես Կարամանուկյանի փոխանցմամբ՝ 2015-ը բանկի համար հոբելյանական տարի է. հիմնադրման 25-ամյակի առթիվ հաճախորդներին սպասվում են նոր ու հետաքրքիր անակնկալներ:

Դիտում՝ 2561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai